Նոյեմբեր 22 2016

ՀՀ մակրոտնտեսությունը 10 ամսում

ՀՀ մակրոտնտեսությունը 10 ամսում

Տնտեսական ակտիվությունն աճել է 0.4%-ով, արդյունաբերական արտադրանքը` 6.5%-ով, գյուղարտադրանքը նվազել է 7.3%-ով, շինարարությունը՝ 7.8%-ով:


ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ, ըստ նախնական (շտապ հավաքված) տվյալների ամփոփման: 


ԱՎԾ գնահատմամբ` տնտեսական ակտիվության ցուցանիշը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 18.7%-ով` սեպտեմբերի 7% աճի դիմաց: 2015թ. հոկտեմբերի համեմատ էլ արձանագրվել է 7.8% անկում: Այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն ավելացել է 0.4%-ով:


Արդյունաբերական արտադրանքի ծավալը հոկտեմբերին կազմել է 124 մլրդ 218 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 2.5%-ով (սեպտեմբերին աճել էր 8.4%-ով), նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ՝ աճելով 2.4%-ով: Հունվար-հոկտեմբերին թողարկվել է 1 տրլն 152 մլրդ 223.3 մլն դրամի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը գերազանցելով 6.5%-ով:


Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին կազմել է 102 մլրդ 670.6 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ նվազելով 27.7%-ով (նախորդ ամիս արձանագրվել էր 4.9% աճ): 2015թ. հոկտեմբերի նկատմամբ գյուղարտադրանքի ծավալը նվազել է 29.8%-ով: Ընթացիկ տարվա 10 ամսում գյուղարտադրանքի ծավալը կազմել է 757 մլրդ 277.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 7.3%-ով պակաս:


Շարունակվել է շինարարության ոլորտում աճը տեմպի անկումը. օգոստոսին աճը՝ 12.6%, սեպտեմբերին՝ 4.1%, հոկտեմբերին՝ 0.5%: Իրականացված 39 մլրդ 525.1 մլն դրամի շինծավալը, սակայն, 12.2%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին: Հունվար-հոկտեմբերին արձանագրված 275 մլրդ 636.1 մլն դրամի շինծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին էլ զիջում է 7.8%-ով:


Սեպտեմբերին 1.4% աճի դիմաց՝ հոկտեմբերին 2.4%-ով նվազել է առևտրի շրջանառությունը: Իրականացված 190 մլրդ 832.6 մլն դրամի առևտրաշրջանառության ծավալը, սակայն, 0.4%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ տարվա 10 ամսում առևտրաշրջանառության 1 տրլն 753 մլրդ 834.1 մլն դրամի ծավալը 0.1%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:


Ավելացել է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը. սեպտեմբերի 0.9% աճի դիմաց՝ հոկտեմբերին արձանագրվել է 3.2% աճ: Իրականացված 227.5 մլրդ դրամ (478.9 մլն դոլլար) առևտրաշրջանառության մեջ արտահանման բաժինը 76.3 մլրդ դրամ է (160.6 մլն դոլլար), ներմուծմանը` 151.2 մլրդ դրամ (318.3 մլն դոլլար): Այդպիսով` արտահանման ծավալը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ (սեպտեմբերին նվազել էր 0.7%-ով), ներմուծման ծավալն աճել է 4.8%-ով (նախորդ ամիս աճը 1.7% էր): 2015թ. հոկտեմբերի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 8.8%-ով, այդ թվում արտահանման ծավալը՝ 21.6%-ով, ներմուծմանը՝ 3.4%-ով: 2016թ. 10 ամսում արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 տրլն 952.3 մլրդ դրամ (4 մլրդ 67 մլն դոլլար), այդ թվում արտահանումը` 697.8 մլրդ դրամ (1 մլրդ 453.7 մլն դոլլար), ներմուծումը` 1 տրլն 254.5 մլրդ դրամ (2 մլրդ 613.3 մլն դոլլար): 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտուրն աճել է 6.1%-ով, ընդ որում՝ արտահանումն աճել է 19.8%-ով, ներմուծումը` նվազել 0.3%-ով:


2016թ. հոկտեմբերին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլլար փոխարժեքը կազմել է միջինը 475.25 դրամ, հունվար-հոկտեմբերին` 480.45 դրամ:


Բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտում հոկտեմբերին արձանագրվել է 3% նվազում` սեպտեմբերի 5.2% աճի դիմաց: Մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի), որ կազմել է 114 մլրդ 52.3 մլն դրամ, 2015թ. հոկտեմբերի ցուցանիշը գերազանցում է 4.9%-ով: Հունվար-հոկտեմբերին մատուցված 1 տրլն 33 մլրդ 768.3 մլն դրամի ծառայությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը գերազանցում են 7.7%-ով:


2016թ. հոկտեմբերին արտադրվել է 595.3 մլն կՎտ/ժ Էլեկտրաէներգիա` նախորդ ամսվա մակարդակից 0.7%-ով ավելի, նախորդ տարվա հոկտեմբերի ծավալից` 4% պակաս: Այս տարվա 10 ամսում արտադրվել է 5 մլրդ 991.4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 6.3%-ով պակաս:


Սպառողական գները 2016թ. հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ աճել են 0.5%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` նվազել 0.9%-ով: 10-ամսյա գնանկումը կազմել է 1.5%:


Արդյունաբերական արտադրանքի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 1.2%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ` աճել 5.8%-ով: Հունվար-հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ:


Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ. հոկտեմբերին եղել է 187 003 դրամ, ընդ որում պետական հատվածում` 156 196, ոչ պետական հատվածում` 225 497 դրամ: Սեպտեմբերի նկատմամբ միջին աշխատավարձը նվազել է 0.2%-ով, 2015թ. հոկտեմբերի համեմատ` աճել 3.1%-ով: Պետական հատվածում սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է աշխատավարձի 0.5%, 2015թ. հոկտեմբերի նկատմամբ` 2.5% անկում: Ոչ պետական հատվածում աշխատավարձը նախորդ ամսվա նկատմամբ անփոփոխ է մնացել, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 7.2%-ով: 10 ամսում միջին աշխատավարձը եղել է 185 689 դրամ, ընդ որում պետական հատվածում` 159 791, ոչ պետական հատվածում` 219 893 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ միջին աշխատավարձն աճել է 2.4%-ով, ընդ որում՝ պետական հատվածում նվազել է 1.1%-ով, ոչ պետական հատվածում` աճել 5.2%-ով:


Հիշեցնենք, որ բացարձակ բոլոր ցուցանիշները ներկայացվում են ընթացիկ գներով: