Դեկտեմբեր 13 2016

Հարկային արտոնությունների օրենսդրական փաթեթ

Հարկային արտոնությունների օրենսդրական փաթեթ

Հարկային համաներում, ինքնազբաղված անձանց հարկումից ազատում, պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն…


ՀՀ կառավարության դեկտեմբերի 8-ի նիստին հավանության է արժանացել օրենքների նախագծերի փաթեթ, որով հարկային մի շարք արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: 


Ինքնազբաղված անձանց հարկերից ազատում


Մասնավորապես՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. «Տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 մլն դրամ»: Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և այլն:



Հարկային համաներում 


Փաթեթով առաջարկվում է կիրառել նաև հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատելով այդ գումարների վճարումից: Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:


Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 մլն դրամ: 


Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով էլ նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:


Հարկային համաներման շրջանակներում առաջարկվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած ու ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից: Ըստ Վախթանգ Միրումյանի՝ այս փաթեթից օգտվողների թիվն ընդհանուր առմամբ կկազմի շուրջ 15 հազար, իսկ եկամտային ազդեցությունը կարող է հասնել մինչև 6 մլրդ դրամի: 


Բազմաթիվ ֆիզիկական անձինք մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են, օրինակ, մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույն տեսակի գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, հասարակական կամ գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի օտարումներ, սակայն անտեղյակ լինելու պատճառով չեն կատարել հարկային պարտավորությունները՝ կուտակելով տույժեր ու տուգանքներ, որոնց գումարը հաճախ ավելի մեծ է, քան մայր գումարը: 


ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիների կողմից ԱԱՀ-ի մասով հարկվող գործարքներով առաջացած հարկային պարտավորությունների գանձման հետ կապված կա շուրջ 250 դատական վարույթ: Մասնավորապես՝ ընդհանուր առմամբ մայր գումարի չափը կազմում է շուրջ 3.8 մլրդ դրամ, իսկ հաշվարկված տույժը՝ 680 մլն դրամ, տուգանքը՝ 1 տրլն 290 մլրդ դրամ: «4-5 ամսվա ընթացքում ԱԱՀ-ից բխող գործարքների մասով քաղաքացիների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ՝ շուրջ 1 մլրդ դրամի չափով: Օրենքի ընդունման պայմաններում այդ հաշվետվություններում արտացոլված շուրջ 550 մլն դրամի չափով տույժ-տուգանքները նույնպես կազատվեն վճարումից: Ընդ որում՝ շուրջ 200 մլն դրամի չափով արդեն իսկ կատարվել են մայր գումարի վճարումներ»,- ընդգծել է Արմեն Սաքապետոյանը: 


Միաժամանակ՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է 40 քրեական գործ՝ շուրջ 1 միլիարդ 150 միլիոն դրամի չափով. մայր գումարը կազմում է շուրջ 500 միլիոն դրամ, տույժ-տուգանքները՝ շուրջ 650 միլիոն դրամ: Ըստ Արմեն Սաքապետոյանի՝ պարտավորություններ ունեցող անձինք հարկի մայր գումարները վճարելու դեպքում ազատվում են տույժերից, տուգանքներից և քրեական պատասխանատվությունից: 


Պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն


Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: 


«Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: 


Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետը՝ 2018թ. հունվարի 1


Մեկ այլ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2018թ. հունվարի 1-ը, ինչը ՓՄՁ ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտա առավել սահուն անցնել նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատանքին: Առաջարկվում է նաև ակցիզային դրոշմանիշերն էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից: 


Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ վերջին երկու ամսում բավական ակտիվացել է ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը: 2016թ. 11 ամսում ստացվել է շուրջ 250 հազար հեռախոսազանգ, միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ շուրջ 3000-ով ավելի: ՊԵԿ նախագահի տեղակալի վստահեցմամբ՝ Կոմիտեում հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ ետադարձ կապի մեխանիզմով արդյունքի մասին դիմումատուին տրամադրելով հանգամանալի տեղեկատվություն: