Նոյեմբեր 22 2016

Եվ՛ արտադրողները, և՛ խոշոր սպառողները պատասխանատվության կրող են

Եվ՛ արտադրողները, և՛ խոշոր սպառողները պատասխանատվության կրող են

Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ աշխատանքները

մեկնարկել են։


ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փորձագետների հետ համատեղ արդեն մշակվել է գործողությունների ծրագիր-ժամանակացույցի նախագիծը, որն ուղարկվել է շահագրգիռ կառույցներին՝ համակողմանի քննարկումներ իրականացնելու նպատակով։ Ամբողջացումից հետո հաջորդ տարվա առաջին կեսին այն կներկայացվի կառավարության հաստատմանը։


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ. «Մեկ շուկայի մոդելից անցնելու ենք մյուս մոդելին, որտեղ արդեն օրենքով թույլատրվելու են ներմուծել ազատականացման տարրեր»:


Արեգ Գալստյանի խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի այսօրվա կառուցվածքը կատարելագործման կարիք ունի՝ աստիճանական ազատականացման, ինչպես նաև հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի բոլոր հնարավորությունների օգտագործման նպատակով։ Վերջին տարիներին դրա համար ձևավորվել են բավարար նախադրյալներ։ «Թեև մեծածախ շուկան ամբողջությամբ մրցակցայինի վերածելու հնարավորությունները դեռևս սահմանափակ են՝ էլեկտրաէներգիա արտադրող կայանների գների միջև առկա մեծ տարբերությունների պատճառով, այդուհանդերձ՝ դա խոչընդոտ չէ հրաժարվել, այսպես ասած, միակ գնորդի մոդելից և հնարավորություն ստեղծել, որպեսզի շուկա մուտք ունենան նաև այլ մասնակիցներ»,- ասում է փոխնախարարը։


Լիարժեք մրցակցային շուկայի ստեղծումը, ըստ նրա, իրատեսական է տարածաշրջանային միասնական շուկայի ստեղծման պարագայում։ Ինչպես հայտնի է, այդ ուղղությամբ քայլերն արդեն մեկնարկել են։ Իրականացվող տարածաշրջանային մի շարք ծրագրերի արդյունքում ակնկալվում է մինչև 2019թ. ստեղծել դրա հիմքերը։


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ընդունել է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի կատարելագործման և կարգավորման նոր գործիքների ներդրման հայեցակարգը, ինչպես նաև որակավորված սպառողների և մատակարարների ցանց մուտք գործելու կանոնակարգը։ Ըստ այդմ՝ շուկայի ազատականացման պայմաններում նախատեսվում է թե՛ արտադրողների, և թե՛ սպառողների պատասխանատվության մեխանիզմների կատարելագործում:


«Այսօր ո՛չ արտադրող և ո՛չ էլ խոշոր սպառող ընկերությունները պատասխանատվություն չեն կրում վաճառքի ու սպառման (պատվիրակված հզորությունների) ծավալների համար, ինչը կարող է էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրավորված և փաստացի ծավալների շեղումների պատճառով անհամաչափ տատանումներ առաջացնել սակագնային կարգավորման ժամանակ։ Այս առումով միջազգային լավագույն փորձն այն է, որ և՛ արտադրողները, և՛ խոշոր (որակավորված) սպառողները պատասխանատվության կրող են»:


Շուկայի ազատականացման ճանապարհին, ըստ Արեգ Գալստյանի, անհրաժեշտ է և՛ համապատասխան էլեկտրոնային հարթակի հիմնումը, և՛ շուկայական կարգավորման նոր կառույցների ձևավորումը։ Այդ գործընթացքում նախատեսվում է ստեղծել շուկայի օպերատոր, որը լինելու է էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման հիմնական պատասխանատուն։ 


Նախատեսվում է նաև սակագների ձևավորման կատարելագործում և արդյունավետ մեխանիզմների ներդրում: «Խոսքը, մասնավորապես, գիշերային և ցերեկային սակագների, դրանց մեծությունների, կիրառման ժամերի մասին է։ Այդ առումով կարող է դիտարկվել նաև սեզոնային, պիկային կամ գիշերային խիստ թերբեռնված ժամերի համար նոր սակագների սահմանման նպատակահարմարությունը»,- պարզաբանում է փոխնախարարը։


Էներգետիկ շուկայի ազատականացումը, Արեգ Գալստյանի կարծիքով, ուղղակի ազդեցություն կունենա նաև սակագների վրա. «Մենք ակնկալում ենք, որ մրցակցային տարրերի օգտագործումը կնպաստի սակագների նվազեցմանը։ Մրցակցությունը, ի վերջո, նպաստում է ծախսերի կրճատմանը: Այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է նվազեցնել ծախսերը, որպեսզի շուկայում ունենա նպաստավոր դիրք և կարողանա իրացնել իր ապրանքը»։