Նոյեմբեր 27 2015

CerTour-Ը` ԶԲՈՍԱՐԴՅՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

CerTour-Ը` ԶԲՈՍԱՐԴՅՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

CerTour միասնական չափորոշիչների շրջանակը համապատասխանեցվել է Հայաստանի առանձնահատուկ պայմաններին:


Այսօր` նոյեմբերի 27-ին Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ (CerTour) ծրագրի շրջանակներում անցկացվել է եզրափակիչ համաժողով, որին մասնակցել են պատվիրակություններ ծրագրի գործընկեր բոլոր կազմակերպություններից (տես` ստորև): Ներկա էին նաև զբոսաշրջության, մասնավորապես` գյուղական զբոսաշրջության շահագրգիռ կողմեր, ասոցիացիաներ, զբոսաշրջային գործակալներ և ուղեկցորդներ, հյուրատների ներկացուցիչներ:


ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ողջունելով Բուլղարիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից ժամանած հյուրերին, շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: Նրա խոսքով` հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը Հայաստանում իրականացվող զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնախնդիրներից է. «Իսկ ագրոտուրիզմի զարգացումն այս շրջանակներում խիստ կարևորվում է: Այն մեր զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման և արդյունքում` միջազգային շուկայում ներկայացման տարր է»:


Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ` ագրոտուրիզմը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը համայնքներում, տարածքային տնտեսական համաչափ զարգացմանը, գյուղական համայնքներում, բացի գյուղատնտեսականից, նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը: «Սա մի ծրագիր է, որն ըստ էության նպաստում է այս խնդիրների լուծմանը: Բացի այդ, սա մեր զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման միջոց է»: 


Վարչության պետը խոսել է նաև որակական չափանիշների ներդրման մասին` շեշտելով, որ նման միջոցառումները ծառայությունների որակի բարձրացման ու միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություններով, նման բրենդով միջազգային շուկայում ներկայանալու լավ հնարավորություն են. «Այդ իմաստով մենք կարևորում ենք նման ծրագրի իրականացումը, որովհետև այստեղ կա նաև համագործակցություն: Սա պետական և մասնավոր հատվածների ու նաև համայնքների համագործակցության օրինակ է: Բնականաբար` նման ծրագրերը ողջունելի են: Այստեղ կա համագործակցություն, շահագրգիռ կողմերի միջև ընդհանուր տեսլական, և համոզված եմ, որ այս ծրագրերը հաջողություն կունենան»: 


Մեխակ Ապրեսյանը կարևորել է այն հանգամանքը, որ հավաստագրումը պարունակում է նաև մի բաղադրիչ, այն է` չափանիշներին, որ պետք է համապատասխանեն այս ոլորտում ծառայություններ մատուցողները` կամավորության սկզբունքով, պետք է հավելել նոր` որակական չափորոշիչներ: 


CerTour ծրագրի համակարգող Գեորգ Ստամպուլիսի խոսքով` զբոսաշրջությունը տնտեսական աճի ապահովման կարևոր հենասյուներից է, և անարդարացի է տարածքային համաչափ զարգացման գործը վերապահել միայն խոշոր ընկերություններին: «Ագրոզբոսաշրջության արդյունավետության նպատակով անհրաժեշտ է բավարարել այցելուների պահանջները: Պետք է ստեղծել ագրոզբոսաշրջության առանձնահատուկ չափորոշիչներ, քանի որ ISO 9000 ստանդարտը շատ ծանր է փոքր զբոսաշրջությամբ զբաղվողների համար»,- ասել է Գեորգ Ստամպուլիսը:



Տեղեկանք


CerTour ծրագիրը մշակել է Հունաստանի Քսանտի քաղաքի քաղաքապետարանը: Եվրամիությունն էլ հաստատել է «Սևծովյան ավազան 2007-2013» համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում դրա ֆինանսավորումը:


Նախագծի անհրաժեշտությունը ծագել է ագրոզբոսաշրջության բնագավառում գործընկերների տարածաշրջաններում առաջացած լուրջ խնդիրներից, ինչպես` անբավարար ենթակառուցվածքը և այցելուների հարմարավետությունը չապահովող առաջարկը (հասանելիություն, հատկապես` տեղաշարժի խնդիրներ ունեցող մարդկանց համար տարբեր օբյեկտների մատչելիություն և այլն), ագրոզբոսաշրջության մարդկային ռեսուրսը, ընդհանուր առմամբ` փորձառու, հմուտ և պատրաստված մասնագետների բացակայությունը, մատուցվող ծառայությունների անբավարար մակարդակը, որակի չափորոշիչների բացակայությունը: Խնդիր է նաև այն, որ ագրոզբոսաշրջության արդյունքը տարածաշրջանում չի գովազդվում, ընդհանուր առմամբ` նման գործունեությունն ուղղորդված է միայն տեղական շուկաներին՝ ստեղծելով ընդլայնման լուրջ սահմանափակումներ: Չկան այցելուների գոհունակության հետազոտություններ, և որպես հետևանք` ագրոզբոսաշրջության մեջ ՓՄՁ-ների պարբերաբար բարելավման նախաձեռնություններ չեն ձեռնարկվում: 


CerTour ծրագրի ընդհանուր նպատակն է` որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոզբոսաշրջությունը գործընկերների տարածաշրջաններում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Դրա համար անհրաժեշտ են.

միասնական չափորոշիչների շրջանակի մշակում ու ձևավորում` համապատասխանեցում տեղական յուրահատուկ պայմաններին,

գնահատման և հավաստագրման միասնական գործընթացի ձևավորում,

բարձր որակավորման միջազգային փորձագետների խմբի կազմավորում, որոնք կկարողանան աջակցել տեղական գործարարներին և կիրառել ողջ գործընթացը գործընկերների երկրներում,

չափորոշիչների և հավաստագրման համակարգի փորձնական կիրառում ագրոզբոսաշրջության բնագավառի մի շարք ձեռնարկություններում, որոնք կբարելավեն ծառայությունները և իրենց տարածաշրջանում հանդես կգան իբրև օրինակելի նմուշ,

ծրագրում ներգրավված գործընկերների միջև գիտելիքի, հմտության և փորձի փոխանակում (միջսահմանային ազդեցություն),

միջտարածաշրջանային սերտ գործընկերության հաստատում` ցանցի ստեղծման միջոցով (միջսահմանային ազդեցություն), որը կկառավարի հավաստագրման գործընթացի իրականացումը ապագայում և միջազգային մակարդակով կնպաստի ամբողջ նախաձեռնությանը,

ձեռքբերումների լայն տարածում և հանրային իրազեկում,

գործողությունների կատարյալ կառավարում, համակարգում և վերահսկում՝ ընդհանուր և յուրահատուկ նպատակներին ժամանակին ու առանց խնդիրների հասնելու համար:


Այս նպատակներին հասնելու միտումով ծրագրի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ. 

Ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն. նախագծում ընգրկված տարածաշրջաններում ներկա իրավիճակի ուսումնասիրություն, այցելուների կարիքների և ակնկալիքների ուսումնասիրություն, Gap analysis – բացերի վերլուծություն, լավագույն փորձի ուսումնասիրություն (միջազգային մակարդակում), լավագույն փորձի տվյալների շտեմարանի ստեղծում,

Ագրոզբոսաշրջության միասնական չափորոշիչների ձևավորում. միասնական չափորոշիչների շրջանակի նախագծում և մշակում, մարզիչների միասնական վերապատրաստման ծրագիր, միասնական չափորոշիչների շրջանակի համապատասխանեցում տեղական պայմաններին, տեղական հավաստագրման համակարգի հիմնում, տեղական պիլոտային հավաստագրման իրականացում հավաստագրում, ուսումնասիրման այցեր,

միասնական առաջխաղացման ծրագիր. ցանցի ստեղծում, միասնական և տեղական առաջխաղացման ծրագրեր, հիմնական միասնական գովազդային տարրերի ձևավորում (ֆիրմային ոճ, խորհրդանշան, կարգախոս և այլն),

գործողությունների տեսանելիություն, նախագծի գովազդային (առաջխաղացման) գրքույկ, ծրագրի համացանցային կայքի մշակում, սպասարկում և տեղակայում (web hosting), ծրագրի գրքույկ և խտասկավառակ, տեղական ծրագրի առաջխաղացում և արդյունքների տարածում, միջազգային համաժողովի կազմակերպում, արդյունքների ներկայացում,

ծրագրի կառավարում և համակարգում, մեկնարկային հանդիպում, ղեկավար կոմիտեի հանդիպումներ, համակարգում, ֆինանսական կառավարում, ներքին աուդիտ և հաշվետվություն, ծախերի ստուգում, ծրագրի արդյունքների գնահատում:


CerTour ծրագիրն իրականացվել է է միջազգային համագործակցությամբ, հետևյալ կազմակերպությունների մասնակցությամբ. Քսանտիի քաղաքապետարան (Հունաստան), Սևծովյան տնտեսական Կենտրոն (Բուլղարիա), «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ (Հայաստան), Սոցիալական հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների միջազգային կենտրոն (Վրաստան), Սուրուցենիի քաղաքապետարան (Մոլդովա), «Զապորոժիեի տարածաշրջանի համագործակցության աջակցության տարածաշրջանային հիմնադրամ» ՊԿ (Ուկրաինա):


Ծրագրի համաձայն, գործընկերները ստեղծել են ցանց՝ CerTour հավաստագրման համակարգը հետծրագրային շրջանում կայուն հիմքերով կառավարելու համար: Ցանցը կլինի հաստատություն, որը կշահագործի CerTour ծրագրի արդյունքները և կտարածի ու կընդլայնի ագրոզբոսաշրջության մեջ որակի չափորոշիչների իրականացումը:


CerTour միասնական չափորոշիչների շրջանակը համալիր պահանջների փաթեթ է, որը պետք է բավարարեն ագրոզբոսաշրջության բնագավառի ընկերությունները` իրենց հաճախորդների կարիքներին ու ակնկալիքներին համապատասխանելու համար: Այս պահանջների համակարգը մշակվել է «CerTour ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ» ծրագրի իրականացման ընթացքում` հիմնված է ծրագրի շրջանակներում բացերի վերլուծության (Gap analysis) վրա: Այն համաֆինանսավորում է Եվրոպական միությունը:


Սահմանված պահանջները, կախված կազմակերպության տեսակից, ընդգրկում են հետևյալ չափորոշիչներն ու ենթաչափորոշիչները.

Տարածաշրջան. բնական միջավայր, ենթակառուցվածք, տեղեկության առկայություն, անվտանգություն, տարածաշրջանային գրավչություններ, բազմատեսակ զբաղմունքներում ընդգրկման բավարար հնարավորություններ, տեղական միջոցառումներին մասնակցելու բավարար հնարավորություններ,

Կազմակերպության ենթակառուցվածք. բտնվելու վայրի մատչելիություն, ճարտարապետություն (հարդարում), գրադարան, երաժշտության, տեսանյութերի ներկայություն, սննդակազմ, ժողարվեստի և ավանդական իրերի վաճառք,

Անձնակազմ. Որակավորումներ. աշխատակազմի մասնագիտական փորձառություն, օտար լեզուների տիրապետում, զբոսաշրջային կարևոր տեղեկությունների տրամադրում, CerTour ցանցի մասին իմացություն,

Որակավորման համակարգեր. հյուրատան համար` զբոսաշրջային տների որակավորման կարգ, քեյթրինգի և խանութի համար` ISO 9001 կամ ISO 22000 չափորոշիչների համապատասխան որակի կառավարման համակարգ, որակի կառավարման այլ համակարգ,

Կազմակերպում. վեբկայք, ամրագրման առցանց համակար, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, մասնագիտական ընկերակցություններին կամ ցանցերին անդամակցություն, հաճախորդների գոհունակության հետազոտում,

Սպասարկում. բարյացկամ և արդյունավետ սպասարկում, մաքրություն, սննդամթերք և ըմպելիք, անվտանգություն,

Լրացուցիչ ծառայություններ. զբաղմունքներ, միջոցառումներ, այլ ծառայություններ,

Բնապահպանություն. բնական պաշարների խնայողական օգտագործում, նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա,

Արժեք. արժեք / որակ հարաբերակցություն:


Այս չափորոշիչները համապատասխանեցվել են Հայաստանի առանձնահատուկ պայմաններին: