Դեկտեմբեր 10 2014

ՈՐՆ Է ՆԺԱՐԻ ԾԱՆՐ ԿՈՂՄԸ

ՈՐՆ Է ՆԺԱՐԻ ԾԱՆՐ ԿՈՂՄԸ

Հասարակության անունից հանդես գալը գործի՞ք է, թե պատասխանատվություն:

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը նոյեմբերի 18-ից տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: 

2001-ից գործող` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն իրականում բազմաչարչար ճանապարհ է անցել: Արդարադատության նախարարությունը առաջին անգամ չէ, որ այս բնագավառում օրենքի նախագիծ է մշակում: Դեռևս 2009-ին օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները մեծ աղմուկ բարձրացրին ՀԿ-ների շրջանում: Շուրջ 300 ՀԿ-ներ բողոքի ձայն էին բարձրացրել` ընդդեմ օրինագծի, և հեղինակից` Արդարադատության նախարարությունից պահանջում էին ետ կանչել այն Ազգային ժողովի քննարկումներից: 

ՀԿ-ների պնդմամբ՝ օրինագիծն անմիջականորեն խախտում էր հասարակական կազմակերպութունների ինքնակառավարման սկզբունքը, ստեղծում ավելորդ վարչարարական քաշքշուկների հնարավորություն և ՀՀ կառավարությանը թույլ տալիս միջամտել անկախ կազմակերպությունների գործունեությանը: 

«2009-ին Արդարադատության նախարարության նախաձեռնությունը ՀԿ-ների հաշվետվողության անվան տակ մի փոփոխությունների խումբ էր, որով ՀԿ-ները պետք է նախարարությանը ներկայացնեին ֆինանսական հաշվետվություն` իրենց գործունեության վերաբերյալ: Նախարարությունը նշում էր, թե փոփոխությունները կատարվել են ՀԿ-ների պահանջով, մինչդեռ նախագծում ոչ մի կերպ չէր արտացոլվում ՀԿ-ներին հուզող խնդիրների լուծումը: Բացի այդ, վերոնշյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԿ-ների հետ հանրային քննարկումներ չէր իրականացվել, ՀԿ-ներն այս փոփոխությունների մասին տեղեկացել էին արդեն իսկ ՀՀ կառավարությունում որոշումն ընդունելուց հետո»,- հիշում է քաղաքացիական հասարակության հարցերով փորձագետ Արսեն Ստեփանյանը, ով 2009թ. ակտիվորեն մասնակցում էր նախագծի ընդունման դեմ պայքարին:

2009-ից սկսած` օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը փորձ արվեց մշակել հինգ անգամ: Հինգ անգամ նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ, հինգ անգամ էլ տապալվեց: 

Հինգերորդ անհաջող փորձից հետո այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ստեղծվեց աշխատանքային խումբ՝ կազմված Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: 

Աղմուկ-աղաղակն ավարտվեց: Սկսվեց աշխատանքային գործընթացը: 

2014թ. ընդունվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նրանց ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգ, որից էլ բխում է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումը:

Ինչ հաջողություն կունենա մշակված վեցերորդ նախագիծը: Այս անգամ ՀԿ ներկայացուցիչները մասամբ գոհ են. իրենց շահերից բխող որոշակի դրույթներ տեղ են գտել նախագծում, սակայն խոցելի դրույթներ այս անգամ ևս կան, որոշակի դրույթներ վերանայման կարիք ունեն, որոնք շատ խոցելի կարող են լինել` ի վնաս ՀԿ-ի:

Իշխանությունների երրորդ թևը հասանելի կլինի ՀԿ-ներին 

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր առաջարկներն ու դիտողություններն արդեն ուղարկել է Արդարադատության նախարարություն: Կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում նախագիծը: Իրավաբանը հատկապես դրական է համարում նախագծի 16-րդ հոդվածի (Կազմակերպության իրավունքները) 1-ին կետը, որի համաձայն` ՀԿ-ն իրավունք ունի դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 

Իրականում գործող օրենքը ևս սահմանում է, որ ՀԿ-ն կարող է լինել հայցվոր և պատասխանող, բայց միայն իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարանում ներկայացնելու ու պաշտպանելու դեպքում: Գործող օրենսդրությամբ բացակայում է հասարակական կազմակերպությունների կողմից իրենց շահառուների իրավունքների ու հանրային շահերի դատական պաշտպանության իրականացման մեխանիզմները: 

«Մենք 2008-ին խնդիր ունեինք պրակտիկայում, դիմել էինք դատարան: Դատարանը կիրառեց մեկ նախադասություն՝ «ոչ պատշաճ հայցվորներ»: Դալմայի այգիների, Սիրահարների այգու, Դելֆինարիայի և մի քանի այլ գործերով մենք ճանաչվեցինք «ոչ պատշաճ հայցվորներ»: Մեր և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների անհանգստացնում էր արդարադատության մատչելիության իրավունքից օգտվելու հարցը: ՀԿ-ներին հուզող հարցը վերջապես ընդգրկվել է նոր մշակվող նախագծում: Սակայն կա մեկ բայց… Արդարադատության նախարարություն ուղարկված դիտողություններում և առաջարկներում «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն նշել է՝ որպեսզի ՀԿ-ները շահառուների և հանրային նշանակության հիմնախնդիրների առումով դատարան դիմելու իրավունք ունենան, դատավարական նորմեր պարունակող օրենսդրական ակտերում ևս պետք է կատարվեն լրացումներ, փոփոխություններ: Ճիշտ է` «ՀԿ-ի մասին» օրենքը նախատեսում է, սակայն դատավարական օրենսդրությունում չի երևում, որ ՀԿ-ները կարող են դիմել դատարան: Եվ դա կարող է խոչընդոտել, և այս նորմը չկիրառվի: Այսինքն` ունենանք մի դրույթ, որը դե ֆակտո, դե յուրե չի աշխատելու, հետևաբար` մենք մինչև վերջ գնալու ենք նրան, որ կատարվեն համապատասախան լրացումներ ու փոփոխություններ նաև ածանցյալ օրենքներում»,- ասում է Մերի Խաչատրյանը:

Փորձում են վերահսկե՞լ ՀԿ-ներին

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր տարի բոլոր ՀԿ-ները պետք է հրապարակեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն, ու «եթե կազմակերպության մուտքերը գերազանցում են 10 միլիոն դրամը, ապա դրա հետ միասին պետք է հրապարակեն աուդիտորի եզրակացություն»: Հաշվետվությունները հրապարակվելու են azdarar.am-ում: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ սա ենթադրում է քաղաքացիական հասարակության դաշտի կառավարում: «Կազմակերպությունը ֆինանսական գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն տալիս է հարկային մարմիններին: Եթե լիազոր մարմինը շատ է հետաքրքրված այդ հարցով, կարող է դիմել հարկային մարմնին ու ստանալ այդ տեղեկատվությունը: Ես՝ որպես քաղաքացի, ունեմ միայն մեկ պարտականություն` հարկեր վճարել: Մնացած առումով պարտավորոթյուններ սահմանել ինձ համար` ենթադրում է սահմանափակում»: 

Արթուր Սաքունցն այս նախագիծը գնահատում է որպես լծակ գործադիր իշխանության ձեռքին՝ միջամտելու ՀԿ-ների գործունեությանը. «Աուդիտ իրականացնելն իմ իրավունքն է, ոչ թե պարտավորությունը: Իսկ նախագծով սահմանվում է, որ անպայման պետք է աւդիտ անցկացվի… Եթե ես հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվություններ եմ ներկայացնում, և դու տեսնում ես, որ այնտեղ կա ռիսկի խնդիր, կարող ես ստուգում անցկացնել: ֆինանսավորվող դրամաշնորհների պարտադիր աուդիտ պետք է անցնեն միայն պետական բյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ները, իսկ մասնավորները՝ ոչ: Նախագծի փիլիսոփայության հիմքում, օրենքի փոփոխության հիմքում ընկած է իշխանության կողմից քաղաքացիական դաշտի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միտում»:

Թե՞ պարզապես խիստ են

«Ես` որպես իրավապաշտպան, ֆինանսական հաշվետվություն ներկայացնելը չեմ դիտում որպես միջամտություն, վերահսկողություն: ՀԿ-ն հենց ստեղծված է հանրության շահերի համար: Եթե կազմակերպությունը թափանցիկ է աշխատում ու իր հիմնական հաշվետվությունները ներկայացնում է, ստացել է 100 դրամ ու ցույց է տալիս, թե այդ գումարն ինչպես է ծախսել, խնդիր չի առաջանում»,- ասում է «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ՀԿ-ն ներկայացնի, թե որքան գումար է ստացել, ինչ նպատակի համար և ինչ արդյունքի է հասել. «Այսկերպ, կարծում եմ, ՀԿ-ների նկատմամբ վստահությունը հանրության շրջանում կբարձրանա: Իսկ դա շատ անհրաժեշտ է նրանց, քանի որ հատկապես վերջին երեք տարիներին նրանց հեղինակությունը շատ ցածր է: Քաղաքացիական նախաձեռնություններն ավելի բարձր դիրքում են, քան ՀԿ-ները: Ես ինքս շատ եմ ցանկանում իմանալ, թե յուրաքանչյուր ՀԿ ինչ գործունեություն է ծավալում»:

Մերի Խաչատրյանի ներկայացմամբ՝ ֆինանսական հաշվետվությունը պարտադիր ներկայացնելը մտահոգություն է առաջացնում ֆինանսապես ոչ ապահով ՀԿ-ների առումով. «Եթե ՀԿ-ն մի կերպ է ձեռք բերել 10 միլիոն դրամաշնորհը, պետք է հասկանալ` դրամաշնորհ հատկացնողը նրան թույլ տվե՞լ է աուդիտ անել, եթե ոչ` այդ դեպքում այդ կազմակերպությունն ինչպես է աուդիտ անցնելու: Պրակտիկան ցույց է տալիս, որ դրամաշնորհ տրամադրողները, որոնք հիմնականում արտասահմանից են, ոչ բոլորն են նախատեսում աուդիտ: Կամ եթե պարտավորեցնում են, ապա աուդիտի գումար չեն հատկացնում»: 

Մերի Խաչատրյանի կարծիքով՝ եթե Հայաստանի օրենսդիր մարմինը նման դրույթ է նախատեսում, դա ենթադրում է պարտավորեցնել դրամաշնորհ հատկացնողներին, որպեսզի նրանք որոշակի գումար տան նաև աուդիտի համար: Իսկ դա կբերի այն քայլին, որ շատերը կհրաժարվեն դրամաշնորհ հատկացնել. «Մենք մտավախություն ունենք այս խիստ պահանջները դրամաշնորհ տրամադրող շատ ընկերությունների կհարկադրեն դրամաշնորհ չտրամադրել: Կան կազմակերպություններ, որ բավարարվում են միայն ֆինանսական հաշվետվությամբ, ու եթե չի տրամադրում աուդիտ անցկացնելու գումարը, նշանակում է` գործատուն բոլորի աշխատավարձերը պետք է կրճատի, նպատակներն իրականցնելու ծրագրերը` նույնպես, որ կարողանա օրենքի պահանջը կատարել»: 

Կարևորը` հասարակությանն են հաշվետու

Գործող օրենքի համաձայն՝ ՀԿ-ն ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություն ստեղծելու կամ դրան մասնակցելու միջոցով: Ըստ օրենքի նոր նախագծի՝ «Կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ փորձագետ Մոնիկա Սարգսյանը սա նախագծի ամենակարևոր դրույթն է համարում, քանի որ այսկերպ ՀԿ-ները ֆինանսական անկախության են հասնում: «ՀԿ-ների ֆինանսական աղբյուրների մոտ 90%-ը դոնոր կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհներն են: Այսինքն` ՀԿ-ների կյանքը կախված է այդ կազմակերպություններից: Գործող օրենսդրության բացթողումն այն է, որ ֆինանսական միջոցներ հայթայթելու առումով բազմազան գործիքներ չի տալիս: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք տալն ապահովում է կազմակերպությունների ֆինանսական անկախությունն ու հարատևությունը»: 

Այս գործիքի երկրորդ առավելությունը, ըստ Մոնիկա Սարգսյանի, հետևյալն է. «Քանի որ ՀԿ-ները դրամահավաք կազմակերպում են հասարակությունից, և´ ֆիզիկական, և´ իրավաբանական անձանցից, այս միջոցը ենթադրում է ամուր կապ հասարակության ու հասարակական կազմակերպությունների միջև: Հասարակական կազմակերպոթյուններն արդեն հաշվետու են դառնում նաև հասարակությանը»:

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի ուրախացրել Արթուր Սաքունցին: «Ես` որպես ՀԿ ղեկավար, ինձ թույլ չեմ տա մտնել այնպիսի դաշտ, որտեղ նույնիսկ հենց ձեռնարկատերերն են բավական լուրջ խնդիրներ ունենում: Եթե պետությունն այդքան շատ է մտածում` ՀԿ-ներին ֆինանսական ինքնուրույնություն տալու առումով, ապա գործող ձեռնարկատերերի համար նախևառաջ պետք է հարկային օրենսդրությունը փոխի, որոշ արտոնություն սահմանի»,- ասում է նա: 

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը մասամբ է դրական գնահատում այս դրույթը: «Սրա մի դրական կողմն այն է, որ դրամաշնորհները Հայաստանում նվազում են, իսկ ՀԿ-ները աստիճանաբար կլուծարվեն՝ միջոցներ չունենալու պատճառով: Տնտեսական գործունեությունը նրանց հնարավորություն կտա գոյատևել»: Մյուս կողմից, Մերի Խաչատրյանի խոսքով, ձեռնարկատիրական գործունեություն ուղղակի ՀԿ-ին թույլատրելը առնչվում է նաև հարկային դաշտին, մինչդեռ օրենսդիրը չի սահմանում, թե հարկային ինչ արտոնություններ, ինչ պատականություններ ունեն ՀԿ-ները: 

Այս հարցը պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը: Նրա խոսքով՝ հարկային որևէ արտոնություն նախատեսված չէ ՀԿ-ների համար: Նրանք իրականացնելու են նույն ձեռնարկատիրական գործունեությունը, ինչ առևտրային այլ կազմակերպություն: 

Մերի Խաչատրյանի կարծիքով` «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ՀԿ-ները հայտնվելու են հարկայինի կամ լիազոր մարմինների ուշադրության կենտրոնում: Եթե նա փորձեց օգտվել իր խոսքի ազատության իրավունքից, կարծիք արտահայտելու իրավունքից, կաշկանդված է լինելու՝ մտածելով, որ անտեղի գալու են` ստուգեն, մի պատճառ կգտնեն որ ՀԿ-ին սաստեն, իսկ Հայաստանում սաստելը հիմնականում ֆինանսական լծակով է լինում: Հարկային խնդիրները կարող են խոչընդոտել ՀԿ-ների ազատ արտահայտման, դրսևորվելու հանգամանքի վրա»: 

Նորայր Բալայանի կարծիքով՝ օրենքի նոր նախագծով լուծվում է ՀԿ-ների ինքնաֆինանսավորման խնդիրը, նաև մեծացվում է այս կազմակերպությունների լիազորությունների շրջանակը. «Այս դեպքում հասարակական կազմակերպությունը ոչ թե պետական որևէ մարմնի է հաշվետու, այլ հասարակությանը: Իրականում դա հասարակության կողմից վերահսկողության լավագույն գործիքն է: Այսկերպ հասարակությունը կկարողանա հասկանալ՝ յուրաքանչյուր ՀԿ տրամադրված դրամաշնորհի կամ իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձեռք բերած գումարներով ինչ ծրագրեր է իրականացրել, և արդյոք այդ ծրագրերը կարելի է համարել հանրօգուտ»: 

Դեռևս պարզ չէ` ինչ ճակատագրի կարժանանա օրենքի այս նախագիծը: Այնուամենայնիվ, չնայած շահեկան առանձնահատկությանը, այն է` առաջին անգամ է, որ նախագիծը ոչ թե մեկուսի մշակել է պետական կառույցը, այլ հասարակական հատվածից առաջարկների հիման վրա, ՀԿ-ները պատրաստ են պայքարել` հանուն իրե´նց ճշմարտության: 

Լիլիթ Հովհաննիսյան