Մայիս 21 2014

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՄԲ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՄԲ

Խոշորացման արդյունքում տարիների ընթացքում երեք խումբ

հարցեր են լուծվելու:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, մայիսի 17-18-ը Աղվերանի համալիրում տեղեկատվական հանդիպում-քննարկում էր կազմակերպել` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին իրազեկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, փորձագետ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպութան նախագահ Վահան Մովսիսյանը, գործընթացում ներգրավված այլ փորձագետներ ներկայացրել են Հայաստանում համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակցության հայեցակարգը, Արարատի, Կոտայքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի համար կատարված ուսումնասիրությունները, բարեփոխումների համար առաջարկվող մոդելները, բարեփոխումների պիլոտային փուլի և իրականացվելիք պիլոտային ծրագրերի հետ կապված մանրամասներ:

Համայնքների խոշորացումը տեղական ինքնակառավաման համակարգի

հետագա զարգացման հիմնական պայմանն է 

Համայնքների խոշորացման վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. 

«Ես կարևորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացումը և դա տեսնում եմ մի քանի պայմանի ստեղծմամբ կամ առկայության պարագայում: Դրանցից հիմնականը համայնքների խոշորացումն է, որը կբերի ամբողջ վարչատարածքային բաժանման և տրամաբանության, կառուցվածքի և բովանդակության վերանայմանը: Այդ եզրահանգմանը եկել եմ վերջին վեց տարիների իմ աշխատանքի արդյունքում: Երբ փորձում ենք օբյեկտիվորեն գնահատել այսօրվա իրավիճակը, աչքի է զարնում մի քանի ակնհայտ հանգամանք: Դա այն է, որ այսօր հանրային հասարակական պատկերացումները, ընկալումները և սպասումները տեղական ինքնակառավարման մարմիններից ավելի բարձր ու խիստ են, քան թե այն իրողությունը, որ ունենք այս համակարգի հետ կապված: Ցավոք, այդ սպասումները և սպասումներին արձագանքելու, դրանք բավարարելու իրական հնարավորությունները այսօր չեն համապատասխանում իրար: Անհամապատասխանությունը պայմանավորված է մի քանի գործոնով:

Առաջինը թերևս նյութատեխնիկական, ֆինանսական և այլ կարգի ռեսուրսների խիստ սահմանափակ լինելու հանգամանքն է: Այդ թեմայով ես խոսել եմ վեց տարի շարունակ: Կրկնապատկվել է սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, բայց այն ծառայությունների ծավալն ու որակը, որ ակնկալում ենք տեղերում, դեռևս չենք կարողանում հասնել: Ցավով պետք է նշել, որ տեղական ֆինանսական ռեսուրսների ավելացման հնարավորությունները նույնպես սահմանափակ են: 

Ֆինանսական միջոցների ավելացման երկու ռեալ ճանապարհ կա` տեղական հարկերի դրույքաչափերի բարձրացում կամ նոր հարկատեսակների ներմուծում: Սակայն դրանք, ելնելով այսօրվա տնտեսական պայմաններից, խոչընդոտներ կստեղծեն տնտեսական հետագա ակտիվության և զարգացումը խրախուսելու առումով: Հետևաբար և այս իմաստով նմանատիպ նախաձեռնությունները կլինեն խնդրահարույց: 

Հաջորդ տարբերակը վարչարարության բարելավումն է: Այս հնարավորությունը կա, և այն շարունակելու ենք: Բայց սրա պոտենցիալը բավական սահմանափակ է: Իհարկե` դեռևս շատ համայնքներում հնարավոր է բարձրացնել նաև վարչարարության տնտեսական էֆեկտը, բայց դրա արդյունքում ֆինանսական էֆեկտը այն չի լինի, ինչը կարելի է ակնկալել այսքան եռանդ և ժամանակ դրա վրա ծախսելու պարագայում: Ուստի` կոնցեպտուալ առումով ժամանակն է մեր իրականությունը բարեփոխումների, մասնավորապես` խոշորացման միջոցով փոխելու:

Խոշորացման արդյունքում տարիների ընթացքում 

երեք խումբ հարցեր են լուծվելու

Նշեմ, որ հասարակության մեջ, կապված խոշորացման հետ, կան թյուր պատկերացումներ: Հիմնականը, որ հանդիպումների ժամանակ աչքի է զարնում, այն է, որ շատերի մոտ խոշորացում հասկացությունն ասոցացվում է վերաբնակեցման հետ: Իրականում խոսքն ընդամենը վարչական կարողությունների կենտրոնացման, համախմբման և հետագա բարելավման մասին է:

Երկրորդ թյուր պատկերացումը, որ ձևավորվել է վերջին ամիսների ընթացքում, այն է, որ խոշորացումն իրականացվում է զուտ գումարներ տնտեսելու համար: Ես կարծում եմ` սա կարևոր հանգամանք է, բայց ոչ որոշիչ և հիմնական: Այդպես է, որովհետև խոշորացման արդյունքում տարիների ընթացքում երեք խումբ հարցեր են լուծվելու: 

Առաջինը տնտեսական արդյունավետության բարձրացումն է, երբ եղած սահմանափակ ռեսուրսներով հնարավոր կլինի համայնքներում ավելի շատ ծառայություններ և կապիտալ ներդրումներ կատարել: 

Երկրորդ խոշոր հանգամանքն այն է, որ այս ռեֆորմի արդյունքում իշխանության հետագա ապակենտրոնացման հնարավորություններ կստեղծվեն: Եվրոպական երկրներում բավական լայն գործառույթներ դիտվում են որպես տեղական կամ համայնքային գործառույթներ, մինչդեռ մեզանում կենտրոնացած են և իրականացվում են կա´մ հանրապետական գործադիր մարմինների կողմից, կա´մ տարածքային կառավարման մարմինների կողմից: Դրա բացատրությունը պարզ է` համայնքները չունեն համապատասխան ունակություններ և ռեսուրսներ, ուստի` շարունակում են մնալ համապատասխան ավելի բարձր օղակներով կառավարման մարմինների ներքո: Այս ռեֆորմի կարևորագույն արդյունքներից մեկը պետք է լինի իշխանության հետագա ապակենտրոնացումը և լիազորությունների վերաբաշխումը, վերևից ներքև փոխանցումը:

Երրորդը, որին բարեփոխումների արդյունքում պետք է հասնել, դա մեր քաղաքական համակարգի, կուսակցությունների, հասարակական միավորումների հետաքրքրության ավելացումն է տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ, ինչն առայժմ շատ ցածր է և ինչի արդյունքում հանրային կառավարման այդ օղակը մասամբ դուրս է մնում հանրային ուշադրությունից:

Այն մեխանիզմները, որոնք նախատեսվում են տեղական իշխանությունների ձևավորման մասով, պետք է որ բերեն ոչ միայն այսօրվա գործող համայնքների ղեկավարների, տեղական նշանակության ուժերի աշխուժացման, այլև հասարակական, քաղաքական միավորների աշխուժացման, ավագանիների ձևավորման մեխանիզմի փոփոխության և արդյունքում` համապատասխան միավորների ներմուծման:

Այս երեք հանգամանքներն են, որ պետք է հաշվի առնենք. տնտեսական էֆեկտը, իշխանության ապակենտրոնացման հետագա հնարավորությունը և տեղական իշխանությունների նկատմամբ հանրային, քաղաքական ուշադրության ու մասնակցության մեծացումը: 

Ինչքան շուտ սկսենք, այնքան կշահենք

Համայնքների խոշորացման առումով ունենք երկու մոտեցում. մեկը փնջային տարբերակն է, մյուսը` շրջանային: 

Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թույլ կողմերը: Մեր մոտեցումը հետևյալն է. չշտապել, փորձել նախ իրականացնել որոշ պիլոտային ծրագրեր և դրանց արդյունքներով հասկանալ բոլոր կողմերի դրական և բացասական հանգամանքները, քաղել անհրաժեշտ դասերը, հետո նոր ավելի լայնածավալ ռեֆորմ իրականացնել: Ինչքան շուտ սկսենք, այնքան կշահենք: 

Պարտադիր չէ, որ բոլորը լինեն այդ բարեփոխումների կողմնակիցը: Սուբյեկտիվ գործոնները, որոնք խոչընդոտելու են գործընթացին, ավելի շատ են լինելու` այն մարդկանց տեսքով, ովքեր համոզված են, որ այս բարեփոխումների արդյունքում կորցնելու են իրենց աշխատանքը: Լինելու են տարբեր հանգամանքներ` տեղական առանձնահատկություններից ելնելով, որոնք կստեղծեն այս կամ այն խոչընդոտները, բայց ես կարծում եմ, որ եթե պիլոտի արդյունքում համոզվենք, որ ճիշտ ենք, որ այս բարեփոխումները զարգացման են բերելու, ապա մնացածը զուտ հետևողական, քրտնաջան բացատրական աշխատանքի արդյունք է լինելու: