Դեկտեմբեր 05 2016

10-ամսյա պետբյուջեն՝ 133.2 մլրդ դրամ պակասուրդով

10-ամսյա պետբյուջեն՝ 133.2 մլրդ դրամ պակասուրդով

Այն 39.8%-ով գերազանցում է նախորդ տարվա

նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 133.2 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված մակարդակի 128.6%-ը և 39.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 


Հաշվետու ժամանակահատվածում պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 200.8 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -67.6 մլրդ դրամ, որոնք կազմել են 2016թ. համար նախատեսված ցուցանիշների՝ համապատասխանաբար 272.2%-ը և -227%-ը:


Ընթացիկ տարվա 10 ամսում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 131.9 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք հիմնականում ստացվել են պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից և 3.1 անգամ գերազանցել տարեկան ծրագրային ցուցանիշը: 17.6 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարման նպատակով` ապահովելով տարեկան ծրագրի 100% կատարում:


68.9 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները` տարեկան ծրագրով նախատեսված 31.8 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես՝ ավելի քան 4 մլրդ դրամ ուղղվել է բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանը՝ կազմելով տարեկան ծրագրի 78.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 21 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 96.6%-ը: Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է տարեկան ծրագրով նախատեսված գումարների 40%-ը՝ շուրջ 15.1 մլրդ դրամ: 


Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 2016թ. համար ծրագրված 21 մլրդ դրամ ազատ դրամական միջոցների դիմաց օգտագործվել է 78.9 մլրդ դրամ, որից 6.1 մլրդ դրամը կազմել է տարեսկզբի ազատ մնացորդը, 15.1 մլրդ դրամը՝ կայունացման դեպոզիտային հաշվի միջոցները, որոնք օգտագործվել են տարեկան ծրագրով նախատեսված չափով: 57.6 մլրդ դրամ է օգտագործվել ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին:


Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը, ինչպես նշվեց, կազմել է -67.6 մլրդ դրամ՝ տարեկան ծրագրով նախատեսված 29.8 մլրդ դրամի դիմաց: Արտաքին աղբյուրներում տարեկան ծրագրով նախատեսված 54.6 մլրդ դրամի դիմաց 26.7 մլրդ դրամ (-49%) են կազմել փոխառու զուտ միջոցները: Մասնավորապես՝ 27.5 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտքի մարմանը, որից շուրջ 20.1 մլրդ դրամը տրամադրվել է միջազգային կազմակերպությունների, 7.1 մլրդ դրամը՝ օտարերկրյա պետությունների, 358.6 մլն դրամը՝ օտարերկրյա առևտրային բանկերի նկատմամբ պարտավորությունների մարմանը:


Արտաքին ֆինանսական զուտ ակտիվների հաշվին պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումը, տարեկան ծրագրով նախատեսված 51.6 մլրդ դրամի դիմաց, հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է -40.9 մլրդ դրամ (79.1%), որից 40.4 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ-ին` որպես միջպետական վարկ: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով հաշվետու ժամանակահատվածում օգտագործվել է 546.8 մլն դրամ՝ կազմելով տարեկան ծրագրի 31.5%-ը: ՀՀ նկատմամբ Վրաստանի վարկային պարտավորությունների գծով ստացվել է 402.8 մլն դրամ՝ ապահովելով տարեկան ծրագրի 73.7%-ը: 


Հաշվետու ժամանակահատվածում արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող դրամաշնորհների ժամանակավորապես ազատ միջոցները համալրվել են 324.1 մլն դրամով: