Նոյեմբեր 30 2016

10 ամսում պետբյուջեի եկամուտների 1% նվազում

10 ամսում պետբյուջեի եկամուտների 1% նվազում

Դա հիմնականում պայմանավորված է ընդհանուր եկամուտների

4.9%-ն ապահոված այլ եկամուտների 18.1% նվազմամբ:


ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր՝ նոյեմբերի 30-ին հրապարակել է 2016թ. 10 ամսում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը:


ՖՆ տեղեկացմամբ՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 931.2 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 64.4 մլրդ դրամ` համապատասխանաբար 75.1%-ով և 79.2%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 


Ներկայացված՝ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները: Միաժամանակ, «2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով, պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետբյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Ընդ որում` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 25.6 մլրդ դրամ կամ տարեկան նախատեսված մուտքերի 64.4%-ը, ծախսերը` 20.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 56.2%-ը: 


Պետբյուջեի 10-ամսյա եկամուտները


2015թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 1%-ով կամ 9.6 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված այլ եկամուտների նվազմամբ: 


Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:


Ընթացիկ տարվա 10 ամսում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 878.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 75.6%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերի ու տուրքերի գծով մուտքերն ընդհանուր առմամբ գրեթե փոփոխություն չեն կրել, սակայն տարբեր եկամտատեսակներ դրսևորել են տարբեր վարքագիծ: Մասնավորապես՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շահութահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, նպատակային սոցիալական վճարների գծով մուտքերը, իսկ ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով արձանագրվել է մուտքերի անկում: 


2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հարկային եկամուտների և պետական տուրքերի 35.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 313.9 մլրդ դրամ և 10.7%-ով կամ 37.7 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 136.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 177.5 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: ԱԱՀ մուտքերի նվազումը մեծապես պայմանավորված է մաքսային սահմանին գանձված մուտքերի 14.8%-ով (կամ 23.7 մլրդ դրամով) նվազմամբ: Նշենք, որ ներքին շրջանառությունից ստացված մուտքերը նույնպես նվազել են` 7.3%-ով (կամ 14 մլրդ դրամով):


Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 5.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 47 մլրդ դրամ: Ընդ որում` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 28.4 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 18.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 18.2%-ով կամ 7.2 մլրդ դրամով: Եվ աճ է արձանագրվել թե՛ տեղական արտադրության (21.9%-ով կամ 3.3 մլրդ դրամով), թե՛ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների (15.8%-ով կամ 3.9 մլրդ դրամով) գծով մուտքերում: Առաջինը հիմնականում պայմանավորված է ծխախոտի արտադրանքի իրացումից ստացված մուտքերի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2016թ. մայիսի 1-ից սեղմված բնական գազը (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի) ներառվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում: Ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից ստացված մուտքերի աճը պայմանավորված է հիմնականում բենզինի, դիզելային վառելիքի, ինչպես նաև ծխախոտի արտադրանքի ներմուծումից ստացված մուտքերի աճով: Նշենք, որ 2016թ. մայիսի 1-ից 10%-ով բարձրացվել են ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը:


Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 12.2%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 107.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 23.8%-ով կամ 20.6 մլրդ դրամով՝ մեծ մասամբ պայմանավորված պետական ձեռնարկություններից ստացված մուտքերի աճով:


10 ամսում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 5.1%-ն էլ ապահովվել է մաքսատուրքի հաշվին` կազմելով 45.1 մլրդ դրամ, որից 16.2 մլրդ դրամը ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության արդյունքում ՀՀ ստացած զուտ մուտքն է: 2015թ  նույն ժամանակահատվածի համեմատ` մաքսատուրքի մուտքերը նվազել են 12.7% ով կամ 6.5 մլրդ դրամով:


2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 26.8 մլրդ դրամ պետական տուրքեր` 80.4%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս մուտքերն աճել են 1.5%-ով կամ 385.6 մլն դրամով:


Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 2.6 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ աճելով 1.6%-ով:


10 ամսում պետբյուջե մուտքագրված 23 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս եկամուտները նվազել են 12.2%-ով կամ 3.2 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի համար գանձվող վճարների գծով մուտքերի` համապատասխանաբար 70.1% (կամ 2.9 մլրդ դրամով) և 12.3% (կամ 2.2 մլրդ դրամով) նվազմամբ: Միաժամանակ` նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 2.9 մլրդ դրամ և շուրջ 2.1 անգամ կամ 1.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Բացի այդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են նաև ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար գանձվող վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 566.1 մլն դրամ և շուրջ 2.7 անգամ կամ 353.5 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 943.7 մլն դրամ է մուտքագրվել ՀՀ-ում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33.8%-ով կամ 238.2 մլն դրամով:


Հաշվետու ժամանակահատվածում 263.9 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 30%-ը և 4.6%-ով կամ 11.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներից գանձված գումարների աճով:


Շրջանառության հարկից հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 12.7 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.5%-ը: Այն 28.6%-ով կամ 2.8 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված առևտրային (առք ու վաճառքի) և այլ գործունեությունից գանձված եկամուտների` համապատասխանաբար 36.1% (1.8 մլրդ դրամով) և 26.9% (831.3 մլն դրամով) աճով:


Հաշվետու ժամանակահատվածում 10.6 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.2%-ը և 23.5%-ով կամ 2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 25.6 մլրդ դրամի այլ հարկեր` ապահովելով հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.9%-ը: Մասնավորապես` 5.9 մլրդ դրամ են կազմել ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 5.3 մլրդ դրամ՝ արտոնագրային վճարները, 3.2 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 1.4 մլրդ դրամ՝ հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 1.2 մլրդ դրամ` հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները, 764 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 511.5 մլն դրամ` «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմապիտակների ձեռքբերման վճարները: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 3.3%-ով կամ 820.6 մլն դրամով` հիմնականում պայմանավորված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների և ճանապարհային վճարների գծով մուտքերի աճով:


Այս տարվա 10 ամսում պետական բյուջե մուտքագրված 6.8 մլրդ դրամ դրամաշնորհները մոտ 54.2%-ով պակաս են տարեկան ծրագրային ցուցանիշից: Նշված գումարից շուրջ 2 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2009թ. ֆինանսավորման համաձայնագրի 4-րդ հատկացմամբ, որը նախատեսված է եղել 2015թ. չորրորդ եռամսյակում, սակայն 2015-ին չի ստացվել: Ավելի քան 3.6 մլրդ դրամ ստացվել է Եվրոպական հարևանության «Աջակցություն ՀՀ գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակներում: 1.2 մլրդ դրամ է ստացվել ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում՝ կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 58.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին աղբյուրներից ստացված պաշտոնական դրամաշնորհներն աճել են 53.4%-ով կամ 2.4 մլրդ դրամով:


Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 45.7 մլրդ դրամ, որից 23.3 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների տարեկան ծրագիրն ապահովվել է 72.9%-ով: Շեղումը հիմնականում պայմանավորված է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված միջոցների կատարողականով, որը կազմել է 61.6% կամ 14.2 մլրդ դրամ: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 18.1%-ով կամ շուրջ 10.1 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց ստացված տոկոսավճարների և բանկերում ու ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարների նվազմամբ:


Հաշվետու ժամանակահատվածում 413.1 մլն դրամ եկամուտ է ստացվել պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից՝ 94.6%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը և 25.5%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


Բանկերում և ֆինանսավարկային այլ հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ու դեպոզիտներից 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ստացվել է 4.3 մլրդ դրամ՝ կազմելով տարեկան ծրագրի 77.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 50.5%-ով կամ 4.4 մլրդ դրամով:


Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-հոկտեմբերին ստացվել են 1.7 մլրդ դրամ շահաբաժիններ՝ համապատասխանաբար 2.3 անգամ ու 2 անգամ գերազանցելով տարեկան ծրագրային և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:


Շուրջ 7.3 մլրդ դրամ է ստացվել պետության տրամադրած վարկերի օգտագործման դիմաց, որոնք տարեկան ծրագրային ցուցանիշն ապահովել են 65.5%-ով և 41.5%-ով (կամ 5.2 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` պայմանավորված ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների նվազմամբ: Դրանք կազմել են 7.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 65.2%-ը: Ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 143.3 մլն դրամ կամ տարեկան ծրագրի 81.6%-ը:


Իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել են 10.7 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշի 75.7%-ը և 8.8%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


Այլ եկամուտների 17.2 մլրդ դրամը ստացվել է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 61.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս եկամուտները նվազել են 11.6%-ով:


Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում մուտքագրվել է շուրջ 3.8 մլրդ դրամ՝ 41.3%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը և 2.5 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ստացվել են 220.4 մլն դրամ ոչ պաշտոնական դրամաշնորհներ՝ 100.2%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը և 49.2%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: