Դեկտեմբեր 02 2016

10 ամսում պետբյուջեի ծախսերի 2.7% աճ

10 ամսում պետբյուջեի ծախսերի 2.7% աճ

Դա պայմանավորված է ընթացիկ ծախսերի 4.3% աճով, որը հիմնականում առաջացրել է պարտքի սպասարկման, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և դրամաշնորհների ծախսերի աճը:


2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.7%-ով կամ 28.3 մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով:


Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 տրլն 24 մլրդ դրամ` 80.5%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 4.3%-ով կամ 42.3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված պարտքի սպասարկման, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և դրամաշնորհների ծախսերի աճով: 


Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 110.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 76.1%-ը և նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ էական փոփոխության չի ենթարկվել: 


Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով հունվար-հոկտեմբերին պետբյուջեից օգտագործվել է 125.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսված միջոցների 73.5%-ը: Այս ծախսերը 36.8%-ով կամ 72.9 մլրդ դրամով զիջել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման սկզբունքի փոփոխությամբ. եթե նախորդ տարի այն դիտարկվում էր որպես պայմանագրային ծառայությունների ձեռքբերում, ապա 2016-ից՝ որպես նշված կազմակերպությունների սուբսիդավորում:


Կառավարության պարտքի սպասարկմանը այս տարվա 10 ամսում ուղղվել է 90.3 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրի 91.5%-ը: Այդ գումարից 41.3 մլրդ դրամը կազմել են ներքին, 49 մլրդ դրամը` արտաքին տոկոսավճարները: Պարտքի սպասարկման ծախսերը 32.1%-ով կամ 21.9 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված և ներքին և արտաքին պարտքի ծավալի աճի արդյունքում դրա սպասարկման ծախսերի աճով:


2016թ.  հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեից տրամադրվել են 93.7 մլրդ դրամ սուբսիդիաներ` տարեկան ծրագրի 76.9%-ը, որը 3.6 անգամ (67.6 մլրդ դրամով) գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված կրթության ոլորտի ֆինանսավորման սկզբունքի վերոնշյալ փոփոխությամբ, ինչպես նաև ջրամատակարարման և տրանսպորտի ոլորտներին տրամադրված սուբսիդիաների աճով:


Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեից տրամադրվել են 128.4 մլրդ դրամ դրամաշնորհներ, որից 126.4 մլրդ դրամը` պետական հատվածի այլ մակարդակներին, 2 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 39.2 մլրդ դրամ համահարթեցման դոտացիաներ, որոնք ծախսվել են 83.3%-ով և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.9%-ով: Այլ ընթացիկ դրամաշնորհները կազմել են 77.4 մլրդ դրամ (84.1%), որոնք աճել են 13.5%-ով: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 83.4%-ով, իսկ 2015թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 7%-ով կամ 8.4 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված ավելացված արժեքի հարկի վերադարձի և համահարթեցման դոտացիաների գծով ծախսերի աճով:


Ընթացիկ ծախսերի 32.8%-ը` 335.4 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 82.1% կատարողական: 228.8 մլրդ դրամ (82.9%) կազմել են կենսաթոշակները, 106.6 մլրդ դրամ (80.3%)` նպաստները: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ կենսաթոշակների և նպաստների ծախսերն աճել են` համապատասխանաբար 2.9%-ով և 6.8%-ով: 


Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից շուրջ 140.5 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով տարեկան ծրագրի 80.9%-ը և 2.4%-ով կամ 3.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:


Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 10 ամսում կազմել են 40.4 մլրդ դրամ: Մասնավորապես՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46.8 մլրդ դրամ, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 61.9%-ով: Նշված ծախսերը 15.9%-ով կամ 8.9 մլրդ դրամով զիջել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների գծով ծախսերի կրճատմամբ: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 6.5 մլրդ դրամ՝ 50.6%-ով գերազանցելով տարեկան ծրագրային ցուցանիշը և 4.9 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մուտքերը: