Զարգացման հայկական բանկը միացավ Արարատբանկին
Արարատբանկի բաժնետերերը չեն փոխվի, քանի որ Զարգացման հայկական բանկի բաժնետերերն իրենց բաժնետոմսերի դիմաց ստանալու են դրամական հատուցում, ոչ թե բաժնետոմսեր:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է «Արարատբանկ» ԲԲԸ (Պահպանվող բանկ) և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ (Միացող բանկ) միացման պայմանագիրը:
Նշենք, որ Արարատբանկին միանալու որոշում Զարգացման հայկական բանկն ընդունել է նոյեմբերի 25-ին կայացած՝ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին: Վերակազմակերպման մասին որոշման համաձայն, Արարատբանկին է փոխանցվում Զարգացման հայկական բանկի իրավունքներն ու պարտականությունները՝ որպես վերջինիս լիիրավ իրավահաջորդ:
Արարատբանկը վերակազմակերպման որոշում ընդունել է դեկտեմբերի 10-ին: Ընդ որում՝ այս բանկի բաժնետերերի կազմում փոփոխություններ չեն կատարվելու, քանի որ Զարգացման հայկական բանկի բաժնետերերն իրենց բաժնետոմսերի դիմաց ստանալու են ոչ թե Արարատբանկի բաժնետոմսեր, այլ նրանց տրամադրվելու է դրամական (փողային) հատուցում:
Հավելենք, որ երկու բանկերը պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար: