Դեկտեմբեր 15 2016

Թուրքական լոլիկի «շորշոփը»

Թուրքական լոլիկի «շորշոփը»

ՊԵԿ-ն առանձնակի հսկելու է նախատոնական և տոնական օրերին՝

անօրինական ներկրումները կանխելու նպատակով:


Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական գյուղմթերքի, մասնավորապես՝ լոլիկի և վարունգի ներկրման ու իրացման գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով խնդիրը, տեղական արտադրողների հետ հանդիպում է նախաձեռնել՝ քննարկելու ոլորտին առնչվող հարցերը և խնդրի կարգավորման ուղիները: 


ՊԵԿ նախագահի հանձնարարականով՝ խնդիր է դրվել խիստ հսկողություն սահմանել գյուղմթերքի ներկրման նկատմամբ, գործընթացը կազմակերպել բացառապես օրենսդրության շրջանակներում` տնտեսավարողներին նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրումից: 


Հանդիպմանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը վստահեցրել է, որ Կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել արտադրողների ցանկացած ահազանգի, քանի որ նաև դրանից է կախված ամբողջ աշխատանքի արդյունավետությունը: Տեղական արտադրողները նույնպես կարևորել են ՊԵԿ-ի պատրաստակամությունը` արագ արձագանքել և օրենսդրության շրջանակներում անհապաղ լուծել խնդիրները: 


Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ արտադրողների նկատմամբ վերաբերմունքի փոխոխությունը նկատելի է. արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է: Վստահեցնելով, որ ներկրումների ամբողջ շղթան Կոմիտեի ամենօրյա հսկողության ներքո է, ՊԵԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում նաև համատեղ շրջայցեր կազմակերպել:


Հաշվի առնելով Ամանորի նախաշեմին գյուղմթերքի պահանջարկի ավելացումը` ՊԵԿ-ը վստահեցնում է, որ առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ անօրինական ճանապարհով ներկրումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ: