Դեկտեմբեր 16 2016

Չինացիք՝ տրանսպորտի կառավարման ու անվտանգության առաջարկով

Չինացիք՝ տրանսպորտի կառավարման ու անվտանգության առաջարկով


Այսօր՝ դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ: 


Նշենք, որ «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտը բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որի մասնագետների գիտատեխնիկական ձեռքբերումները ներդրվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում: Իսկ GSAFETY ընկերությունը, աշխատելով պետական բազմաբնույթ նախագծերի վրա, մասնագիտացած է ծրագրային համակարգերի մշակմամբ, որոնք կիրառվում են հանրային անվտանգության տարբեր ոլորտներում: 


ՀՀ վարչապետը հյուրերի հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը մասնավորապես անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:


Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման ու երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:


Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանի ներդրումային ծրագրերում ներգրավվելու չինական կողմի պատրաստակամությունը և նշել, որ GSAFETY-ի համար Հայաստանը կարող է լինել նաև ԵԱՏՄ շուկա ելքի լավ հարթակ: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը:



Նախարար Վահան Մարտիրոսյանի հետ չին գործընկերները հանդիպել են երեկ՝ դեկտեմբերի 15-ին: Նախարարը արդյունավետ համագործակցության հույս է հայտնել` նկատի ունենալով Չինաստանի կառավարության և մասնավոր հատվածի հետ գործակցության հաջող փորձը: 


Հաշվի առնելով GSAFETY ընկերության փորձառությունը՝ տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման գործում, քննարկվել է հնարավոր համագործակցությունը «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու գործընթացում: 


Սյուե Հայլունը Վահան Մարտիրոսյանին ևս առաջարկել է գործակցություն՝ հանրային տրանսպորտի կառավարման ու երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:


Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքի շուրջ բանակցությունները շարունակել համապատասխան մասնագետների ներգրավմամբ: