Դեկտեմբեր 13 2016

Բացվեց «Ջերմուկ գրուպի» նորակառույց գործարանը (ֆոտո)

Բացվեց «Ջերմուկ գրուպի» նորակառույց գործարանը (ֆոտո)

Ներդրվել է շուրջ 5 մլրդ դրամ, որից 3.4 մլրդ դրամն ուղղվել է

ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը:


Դեկտեմբերի 12-ին բացվել է «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպի» զարգացման ծրագրերին: 





Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3.4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայում ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ՝ նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերը կավելանան շուրջ 15%-ով:





Ինչպես բացման խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտը  Հայաստանի տնտեսության զարգացող ուղղություններից մեկն է։ Նա շեշտել է, որ երկրի տնտեսության համար գործարանի բացումը կարևոր իրադարձություն է, որը հերթական անգամ փաստում է Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի առկայությունը, ինչն արտադրական գործունեություն ծավալելու և բիզնեսում հաջողություններ ունենալու լավագույն գրավականն է:



«Հանրապետությունում առկա բնական և հանքային ջրերի պաշարներն ու բազմազանությունը, որոնք ունեն համային և առողջարարական տարբեր նշանակություն, ինչպես նաև այս արտադրանքի նկատմամբ արտաքին շուկայի պահանջարկի միտումները հիմք են տալիս նշել, որ ոլորտը զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու մեծ ներուժ ունի։ Դրա վառ ապացույցն է նաև այս նոր գործարանի բացումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պետությունը մշտապես պատրաստ է կանգնել գործունյա և բարեխիղճ արտադրողների կողքին՝ աջակցության իր ամբողջ գործիքակազմով:







«Արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ընդամենը մեկ տարվա ընթացքում զրոյից կառուցվել է ընկերության նոր գործարանը: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ արտահանումն առավելագույնի հասցնելու համար: Մեր հին գործարանը բավարարում էր ներքին սպառման պահանջարկի բավարարմանը»,- լրագրողների հետ զրույցին ասել է «Ջերմուկ գրուպի» գործադիր տնօրեն Վահագն Արսենյանը:







Նրա խոսքով՝ կրկնակի ավելացրել են արտադրանքի ծավալը: Այսօր արտադրանքի 50%-ն արտահանվում է: Հիմնական շուկան Ռուսաստանն է, 2015-ից հետո արտահանվում է նաև Չինաստան, որոշ քանակով՝ Արաբական Միացյալ Էմիրություններ: Աշխատում են ԱՄՆ արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:





Արդեն մեկ տարի է՝ «Ջերմուկ գրուպն» ու մայր գործարանը միավորվել են, ամբողջությամբ փոխվել են «Ջերմուկի» և «Բյուրեղի» տարաներն ու պիտակները: