Հոկտեմբեր 31 2014

2018Թ. ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

2018Թ. ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն ամենամյա 2-րդ ֆորումը:

Այսօր` հոկտեմբերի 31-ին Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում մեկնարկել է Բիզնես ինովացիոն ամենամյա 2-րդ ֆորումը, որն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանի ներքո: 

Ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյունից անհրաժեշտ միջոցառումները: Ֆորումի նպատակն է՝ դրանց շուրջ քննարկումների արդյունքում ձևավորել ՀՀ նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում:

Ինչպես ֆորումի բացմանն իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից մեկն է և մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Այս նպատակով կրթություն - գիտություն - տնտեսություն կապերի և մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի և ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներառված են ՀՀ կառավարության ծրագրում»: 

Վարչապետի խոսքով` ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել ՏՏ դերը տեխնոլոգիական նորարարության, արտադրողականության բարձրացման և գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործում: «Այս ոլորտում մեր ձեռքբերումները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր: Իրականացվում են հեռանկարային բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների, հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների ձևավորմանն ու զարգացմանը, ՏՏ ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը, մասնավորապես` վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության զարգացմանն ու համաֆինանսավորման դրամաշնորհների ներդրմանը»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը: 

Այսօր, ըստ կառավարության ղեկավարի, դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որևէ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարություն չունենան: Տարբեր ասպարեզներում բարեփոխումներ իրականացնելիս անպայման հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկներն ու արտադրանքը, որի շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը: Այս առումով, վարչապետի գնահատմամբ, մեծ է ավանդական դարձած բիզնես ինովացիոն ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի արդի իրականության մեջ: Այն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բիզնեսում տեղեկատվական և հեղահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կնպաստի նոր շուկաների նվաճմանը, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման և արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացներին: «Վստահ եմ, որ այսպիսի համաժողովների շնորհիվ մեր պետության և մասնավոր հատվածի միջև ձևավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: 

ՀՀ նորարարական զարգացումը, ըստ վարչապետի, պայմանավորված է տեխնոլոգիական կրթությամբ և ձեռներեցությամբ: «Համոզված եմ, որ համաշխարհային առաջավոր փորձի ներկայացումն ու սեփական տեսլականի համադրումը լուրջ հիմք կարող են դառնալ մոտ ապագայում Հայաստանի տեխնոլոգիական բրենդի կայացման, մեր նորարարական հավակնությունների իրականացման համար: Այս առումով անհրաժեշտ է կարևորել ավանդական դարձած բիզնես ինովացիոն ֆորումի դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում: Այն անհրաժեշտ հարթակ է ստեղծում` պետության և մասնավոր հատվածի միջև առկա երկխոսության և գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար` խթանելով սպասարկման և արտադրանքի որակի կտրուկ բարձրացումը, նոր շուկաների նվաճումը: Մեծ է ֆորումի դերը նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում: Վստահ եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ տարածումն ու զարգացումը, ՏՀՏ ընկերությունների համախմբվածությունը և կառավարության` առաջատար տեխնոլոգիական երկիր ունենալու տեսլականը կապահովեն Հայաստանի մրցունակությունը համաշխարհային շուկայում, ինչում մեծ ավանդ ունեն նման միջոցառումները»,- եզրափակել է խոսքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 


2018Թ. ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի համոզմամբ` «Ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի առաջատարների շարքում դիրքավորվելու համար Հայաստանն այսօր լուրջ նախադրյալներ ունի»: 

Կարեն Վարդանյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ոլորտի զարգացման իր հնգամյա ծրագրում ամրագրել է` 2018-ին Հայաստանը դիրքավորել աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում: Այդ առումով, ըստ նրա, տեխնոլոգիական կրթությունն ու ձեռներեցությունը ամենաթիրախային ոլորտներն են, որոնք էլ Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումի հիմնական թեմաներն են:

«Գնահատելով Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները` մենք մեծապես կարևորում ենք համաշխարհային փորձի ներկայացումը, մեր և առաջատար երկրների փորձի համադրումը, որն իր հերթին թելադրում է գործընթացների արագությունը: Հիմնախնդիրների բազմակողմանի քննարկման և նոր գաղափարների ներկայացման համար Բիզնես ինովացիոն ֆորումը լավագույն հարթակն է` շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցչականությամբ: Այսօր Հայաստանը բարձր տեխնոլոգիական մի քանի հեռանկար ունի»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրենը` հավելելով, որ ակնկալում են Բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում ձևակերպել ոլորտի այն հիմնական առաջնահերթությունները, որոնք կորոշեն հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջնաժամկետ հեռանկարը: 

«Մեր աշխատանքին նոր էներգետիկա է հաղորդում ՀՀ վարչապետի և կառավարության աջակցությունը: Համոզված եմ, որ ֆորումի քննարկումները և դրա ընթացքում հնչած առաջարկները կօգնեն մեր երկրին` արժանի տեղ գրավել բարձր տեխնոլոգիաների օրավուր զարգացող աշխարհում»,- ասել է Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ Բիզնես ինովացիոն ֆորումի այսօրվա պլենար նիստի հիմնական խոսնակներն էին իսրայելական «Յոզմա գրուպ» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և գործադիր ղեկավար Յիգալ Էրլիխը և «Գրանատուս Վենչուրս» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանը: 

«Ինովացիոն քաղաքականություն. միջազգային և հայաստանյան փորձի համադրում» թեմայով քննարկման խոսնակներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՄԱԿ մշտական համակարգող և Հայաստանի Հանրապետությունում UNDP մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Վաղը՝ նոյեմբերի 1-ին, Բիզնես ինովացիոն ֆորումը կշարունակի աշխատանքները՝ «Համալսարանական կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում», «Հանրակրթական համակարգի մարտահրավերը տեխնոլոգիական ոլորտում» և «Տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրները» թեմատիկ քննարկումներով:

Հիշեցնենք, որ Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «Բեթ Կոնստրակտ» ընկերությունը,  գործընկերներն են՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնը, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, «Բեսթ Վեսթերն Փարադայզ Հոթել Դիլիջան» և «Էներգոկրեդիտ Արմենիա» ընկերությունները:


2018Թ. ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ