Դեկտեմբեր 13 2016

Խորհրդակցություն՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման շուրջ

Խորհրդակցություն՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման շուրջ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին Ջերմուկ քաղաքում՝ «Ջերմուկ Փլեյս Հայաթ» հյուրանոցային համալիրում խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: Ներկայացվել են ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:


Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:



Խորհրդակցության սկզբում ՀՀ նախագահն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության ոլորտում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա: Նշելով, որ շուրջ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորմանը միաժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվել է Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում է արվել` առաջիկա հինգ տարում եռապատկել զբոսաշրջիկների թիվը, նախագահն ընդգծել է, որ ակնհայտ է՝ զբոսաշրջությունը չի կարող ակտիվ զարգանալ միայն ոլորտի պատասխանատուների ջանքերի շնորհիվ:


«Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Անշուշտ՝ ներուժը շատ մեծ է, և կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է գուցե փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր»,- ասել է նախագահը: 


Սերժ Սարգսյանի խոսքով՝ պատահական չէ, որ խորհրդակցությունմ անցկացվում է Վայոց Ձորի մարզում, որտեղ կան զբոսաշրջության զարգացման՝ պատմականորեն ձևավորված շատ լավ նախադրյալներ. այս մարզով է անցնում զբոսաշրջային տեսակետից Հայաստանի կարևորագույն հարավային երթուղին, որը տանում է հոգևոր-մշակութային այնպիսի կենտրոններ և ուղղություններ, ինչպես Նորավանքի համալիրը, Արենիի քարանձավները, առողջարանային Ջերմուկը, Տաթևի հռչակավոր կենտրոնը, Զորաց քարերը և իհարկե՝ հերոսական Արցախ աշխարհը: Հարավային այս ուղղությունը, նախագահի կարծիքով, շատ մեծ հնարավորություն ունի դառնալ ավելի մեծ ծրագրերի` Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի բաղկացուցիչ:


«Կարծում եմ՝ այս ոլորտը զարգացնելու մեծ, աշխատատար գործընթացում ուրույն տեղ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և հատկապես՝ այն համայնքների ղեկավարները, որոնք այս շղթայի բաղկացուցիչ օղակներն են: Մենք պետք է զարգացնենք Ջերմուկը և զբոսաշրջային մնացած կենտրոնները, որպեսզի այնուհետ դրանք կապելով իրար՝ ստանանք կուռ ամբողջականություն: Այստեղ մենք շատ բան ունենք անելու, և յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է իր ընդունած որոշումներում մշտապես հաշվի առնի` որքանով է այդ որոշումը նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն համայնքների ղեկավարները. այստեղ նստած յուրաքանչյուրը պետք է մտածի` արդյոք իր գործունեությունն արդյունավետ է այդ առումով»,- ասել է նախագահը: 


Զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությունների, ստեղծված նախադրյալների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը բերել է որոշակի օրինակներ: Նա վկայակոչել է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կայացավ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Ավելին` Սրբազան Քահանայապետը հրապարակավ ասել է, որ «ուխտագնացություն» է կատարում Հայաստան: Սրանք, ՀՀ նախագահի համոզմամբ, դրական ազդակներ էին, որոնց վրա ոլորտի պատասխանատուները պետք է կառուցեն Հայաստանի մրցակցային առավելությունը զբոսաշրջության ոլորտում:


Սերժ Սարգսյանը, որպես այլ օրինակ, ներկայացրել է Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և գինու արտադրության համալիրը հայտնաբերելուց հետո միջազգային ազդեցիկ տեղեատվամիջոցներով Հայաստանին լայնորեն անդրադառնալու փաստը:


«Կարծում եմ նաև, որ մենք նվազ ուշադրություն ենք դարձնում ներհանրապետական տուրիզմի զարգացմանը: Սա ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև ուրիշ խնդիրներ է լուծում: Ավելի լավ հայրենասիրական քարոզ, ավելի լավ ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց, քան ճանաչելը սեփական երկիրը` չկա: Յուրաքանչյուր երիտասարդ, լինելով մեր երկրի նվիրական, սրբազան վայրերում, առանց որևէ խոսքի հասկանում է, որ պարտականություն ունի պաշտպանել այդ սրբությունը: Թեև Տաթևի ենթակառուցվածքների զարգացմամբ կարծես ամեն տարի մեծ աճ ենք արձանագրում ներգնա զբոսաշրջության մեջ, բայց այստեղ էլ անելիք շատ ունենք, առավել ևս, որ և՛ երևանցիները, և՛ մարզերում ապրող մեր քաղաքացիները մեծ ցանկություն ունեն այցելել այդ վայրերը, ուրեմն՝ պետք է հնարավորություններ ստեղծենք»,- ասել է նախագահը:







Խորհրդակցության ընթացքում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը զեկուցել է զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների և ընթացիկ աշխատանքների հիմնական ուղղությունները: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում 2017-20թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգային մոտեցումները` վիճակագրությունը, պետական քաղաքականության խնդիրներն ու ակնկալվող արդյունքները, իրականացվելիք միջոցառումները և ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է 2016-17թթ. հիմնադրամի կողմից զբոսաշրջության ոլորտում նախատեսված միջոցառումները: 





«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ՀԲ վարկային ծրագրի հիմնական բաղադրիչների և խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էլ զեկուցել է այդ ծրագրի՝ «Զբոսաշրջային շրջանների զարգացում» ենթաբաղադրիչի և ընթացիկ խնդիրների մասին: 







Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացրել է ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ենթակառուցվածքային զարգացման առաջիկա ծրագրերը, իսկ Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ քաղաքի ենթակառուցվածքային և զբոսաշրջության կայուն զարգացման խնդիրները:


Խորհրդակցության արդյունքներով՝ ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Այսպես, վարչապետին հանձնարարվել է զբոսաշրջության ոլորտին և տարածքային զարգացմանն առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ): Հանձնարարվել է նաև ձևավորվելիք զբոսաշրջային խորհրդի համար սահմանել երկամսյա պարբերականությամբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և ՀՀ նախագահի ու կառավարության աշխատակազմեր հաշվետվությունների ներկայացման կարգ:


Փոխվարչապետը հանձնարարություն է ստացել՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ համատեղ քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով զբոսաշրջային հիմնական երթուղիների կազմման և զբոսաշրջային կայուն արդյունքի ապահովման տեսանկյունից: Միաժամանակ՝ մշակել այդ ծրագրերում մասնավոր-պետական համագործակցության ձևաչափի ընդլայնման համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մեխանիզմները և համապատասխան առաջարկները ներկայացնել կառավարության քննարկմանը:


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է.

շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ամփոփել «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի և դրան առնչվող իրավական ակտերի փաթեթի մշակման աշխատանքները՝ համապատասխան նախագծերը 2017թ. առաջին եռամսյակում ներկայացնելով կառավարության քննարկմանը,


սեղմ ժամկետներում իրականացնել հանրապետության ողջ տարածքի զբոսաշրջային գոտեվորման աշխատանքներ՝ պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների և զբոսաշրջային ներուժ ունեցող այլ վայրերի ամբողջական հաշվառման արդյունքներով,


հստակ միջոցառումներ մշակել զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի ձևավորման, ինչպես նաև զբոսաշրջային այցերի վիճակագրության վարման մեթոդների և վերլուծական կարողությունների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով կառավարության քննարկմանը,


մշակույթի նախարարի հետ համատեղ քննարկել զբոսաշրջային հիմնական երթուղիներում ներառվելիք պատմամշակութային հուշարձանների վերականգնման և հնագիտական աշխատանքների իրականացման ժամանակացույցերը՝ աշխատանքների անխափան ընթացքին զուգահեռ ապահովելով զբոսաշրջային առավելագույն արդյունք,


Երևանի քաղաքապետի ու տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ քննարկել հանրապետության տարածքում միասնական ցանցային համակարգում միավորված ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ հիմնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման խնդիրները՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով կառավարության քննարկմանը: