Դեկտեմբեր 15 2016

Վարչապետի նոր հրահանգները

Վարչապետի նոր հրահանգները

ՀՀ կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստը ևս մեկնարկել է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով:


Առաջին հաձնարարականն ուղղված էր ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին: «Հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների էության և գործուն քայլեր պարունակող միջոցառումների գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան գրություններ, հատկապես՝ եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում»,- ասել է Կարեն Կարապետյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: 


Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր նախարարությունների առաջարկած՝ կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին. ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են՝ չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած` նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրերի կետերն ու գերակա խնդիրները»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:


Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին ու մարզպետներին Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ «Երեքշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»: Պետգույքի կառավարման վարչության պետին էլ վարչապետը հանձնարարել է ամփոփել ներկայացված առաջարկները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: 


Գործադիրի ղեկավարը Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է պետական ընկերությունների հաշվետվությունների, պլանային ցուցանիշների վերաբերյալ հանձնարարականի կատարման ընթացքից: Ի պատասխան՝ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ֆինանսատնտեսական մոնիթորինգներն իրականացված են: «2015թ. ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, սակայն կառավարության որոշման համաձայն՝ 2016թ. ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիս ամսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված ամբողջ տարին ամփոփելու համար: Այս գործընթացը հստակ կարող ենք սկսել, որովհետև ըստ էության՝ 2015թ. ցուցանիշները կան: Այդ ցուցանիշների հիման վրա մենք կարող ենք քննարկումները սկսել»,- ասել է Արման Սահակյանը:


Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը կրթության ոլորտին էր վերաբերում: «Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը և երկշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»,-ասել է գործադիրի ղեկավարը: 

Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումները՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել դրանք, ապա «արդյունքների վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով»: