Դեկտեմբեր 13 2016

Շուրջ 10 մլն եվրո՝ տարածքային զարգացմանը

Շուրջ 10 մլն եվրո՝ տարածքային զարգացմանը

Ստորագրվել են տարածքային զարգացման ծրագրերի դրամաշնորհային պայմանագրեր՝ ԵՄ-ի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:


Այսօր՝ դեկտեմբերի 13-ին անցկացվել է «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը՝ հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ: 


Համաժողովին քննարկվել են տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները, ներառյալ՝ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական ծրագրավորման գործընթացները: Համաժողովը նշանավորվել է տարածքային զարգացման ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրմամբ: Ծրագրերը, որ կմեկնարկեն հաջորդ տարեսկզբին, կիրականացվեն ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: ՀՀ մարզերում նախատեսվում է իրականացնել 7 ծրագիր: 







«Եվրոպական հարևանության ծրագրով մենք այսօր սկիզբ ենք դնում տարածքային զարգացման դրամաշնորհային պիլոտային ծրագրին։ Տարածքային զարգացման տեսակետից կարևոր նախաձեռնություն է, և շատ կարևոր է, որ այն Եվրոպական միության ուշադրության կենտրոնում է, ու նրանց կողմից կա աջակցություն։ Մենք ակտիվորեն աշխատում ենք ԵՄ-ի հետ՝ ավելի լայն համաձայնագրի կնքման շուրջ, և այդ առումով աշխատանքները շատ հաջող են ընթանում։ Համաչափ զարգացման տեսակետից ևս կարևոր է քաղաքական փաստաթուղթը ստորագրելը»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։ 



Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին ՀՀ կառավարությունը կարևորում է եվրոպական հարևանության ընդհանուր ուղեծրում նման քաղաքականության իրականացումը տարածքային զարգացման տեսակետից։ Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ ստեղծելու և բարելավելու տարածաշրջանային զարգացման քաղաքականությունը 2000-ականներից, ունեցել է փորձնական մի շարք ծրագրեր և այս տարվա հուլիս ամսին ընդունել է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը։



ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ «Մեր տարածքային զարգացման ընդհանուր հեռանկարի համար այսօր շատ կարևոր օր է, քանի որ մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որով սկսվում է գործունեություն Հայաստանի տարբեր մարզերում, որի արդյունքները մենք բոլորս միասին պետք է տեսնենք առաջիկայում: Ձեզ բոլորիդ հայտնի է, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության ընդհանուր համտեքստում լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը, և առավել կարևորվում է գործընկերությունը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, քանի որ մեզ համար պարզ է այն փորձը, որ Եվրամիությունը տարիների ընթացքում ունեցել է՝ տարածքային անհամաչափությունները հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու առումով: Օժանդակությունը, որ մենք այսօր Եվրամիությունից ստանում ենք և ապագայում ակնկալում ենք, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումներին, և այդ բարեփոխումների արդյունքները մեր երկրում պետք է լինեն չափելի, գրանցելի, և մենք ձեզ հետ միասին տեսնենք: Այսօրվա ծրագրերը, որ մենք ստորագրելու ենք, ներառում են շուրջ 10 մլն եվրոյի չափով գումար: Այս ծրագրերի ընտրությունն իրականացրել է մեր գործընկերը: Շատ հաջողված ծրագրեր ենք ունեցել, որոնք կարող ենք դառնալ լավագույն օրինակ՝ ապագայում այս կարգի տարաբնույթ ծրագրեր իրականացնելու, որոնք բխելու են մեր ռազմավարությունից»:


Դավիթ Լոքյանը ևս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է ՀՀ 2016-25թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը` Եվրամիության օժանդակությամբ: «Համապատասխան թիմ, որը մշտապես աշխատում է մեր նախարարության մասնագետների հետ և ապագայում նույն կարգի ծրագրեր, որոնք կարող են դառնալ դիդակտիկ, կարող են դառնալ ուսուցողական, մենք իրականացնելու ենք ՀՀ-ում: Ես կարող եմ թվային տվյալներ փոխանցել: Այս ծրագրերի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք 2000 զբաղված մարդիկ, կայուն աշխատատեղեր, որոնք հիմնականում միջինից բարձր վճարում են ունենալու և հիմնականում որոշակի պրոդուկտ են տալու»,- ասել է նախարարը:


Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում սկսվել է անվերադարձ գործընթաց. «Մենք առաջնորդվելու ենք խոշորացման ընդհանուր ծրագրով` ունենալով ևս 34 փնջեր: Եվ ինձ համար շատ ուրախացնող է այն հանգամանքը, որ սկսել ենք առաջարկներ ստանալ համայնքներից: Մենք 2018-ից հետո Հայաստանում կունենանք շուրջ 100 խոշորացված համայնքներ, որոնց և՛ կառավարումը, և՛ ծրագրերի իրականացումը, և՛ տնտեսական զարգացման ընդհանուր մեխանիզմների ներդրումը, գործիքների կիառումը, ներդրումային տարաբնույթ, վարկային ռեսուրսների ներգրավման խնդիրները կդառնան շատ հեշտ ու իրականանալի: Խոշորացման արդյունքում ունենալու ենք մարդկային լուրջ կապիտալ, որը կարողանալու է տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները հաղթահարել»:



ԵՄ դեսպան Պիոտր Սվիտալսկիի խոսքով՝ «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը և շահագրգիռ բոլոր կողմերին, ովքեր ներգրավված են ինտենսիվ տարածաշրջանային զարգացման բարեփոխումներում, առաջնորդելով դեպի ուժեղ տարածաշրջանային հասարակություններ և տնտեսություններ ողջ երկրում: Շնորհավորում ենք այս դժվար մրցակցության մեջ հաղթած բոլոր ծրագրերին և ՀՀ կառավարությանը, մաղթում հաջողություն իրենց դժվարին խնդիրներում: Տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն աջակցում է մարզերի զարգացմանը, բարձրացում տնտեսական մրցունակությունը, նվազեցնում արտագաղթի միտումները, այլև ցույց է տալիս Եվրոպական միության նոր ոգեշնչված մոտեցումը Հայաստանի տարածքային զարգացման նկատմամբ` մարդկային կապիտալի ինտեգրման, նորարարության, ներառման և ենթակառուցվածքների միջոցով»:


Նշենք, որ տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի դրամաշնորհի ընդհանուր նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու գործում: Դրամաշնորհի հատուկ նպատակներն են՝ ստեղծել տնտեսական հնարավորություններ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը Հայաստանի 10 մարզերում (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես՝ ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ), մարզերում ստեղծել զբաղվածության հնարավորություններ (տրամադրել համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն մասնավորապես աճի ոլորտներում, զարգացող և նորարարական ոլորտներում, հատկապես՝ երիտասարդ չափահասների միջև):


Առայսօր սա Հայաստանի տարածքային զարգացման ամենամեծ ծրագիրն է՝ թե՛ առկա միջոցների, թե՛ ծրագրի աշխարհագրական ներառման առումով: Ծրագրի ընդհանուր հասանելի բյուջեն շուրջ 10 մլն եվրո է, որից 7 մլն եվրոն տրամադրում է Եվրոպական Միությունը, 1.75 մլն եվրոն՝ ՀՀ կառավարությունը, և առնվազն 10% համաֆինանսավորում դիմորդների կողմից:


Երևանը ծրագրից բացառվել է, սակայն մայրաքաղաքում գրանցված իրավասու կազմակերպությունները հրավիրվել են՝ միանալու տարածաշրջանային գործընկերներին և իրականացնելու ծրագրեր մարզերում: Այս դրամաշնորհային ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ներկայացնում է միասնական մոտեցում (ծրագրերի ենթակառուցվածքային և ոչ ենթակառուցվածքային տարրերի համադրում), որը  շատ արդյունավետ է Եվրոպայում:


7 ծրագրերի հաջող իրականացմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները.

գրեթե 2200 անձինք (մեծամասամբ երիտասարդներ) կստանան՝ զբաղվածության աճի աջակցություն՝ խորհրդատվությունների, դասընթացների միջոցով,

ավելի քան 700 ձեռնարկություններ կստանան մրցունակության բարձրացման աջակցություն,

գրեթե 500 նոր աշխատատեղեր կստեղծվեն մարզերում, որից 100-ը՝ որակյալ աշխատատեղեր,

ավելի քան 320 ձեռնարկություն կբարձրացնի իր մրցունակությունը (շրջանառության և/կամ զբաղվածության առումով):