Դեկտեմբեր 15 2016

Ներկայացվել է պարտքի կառավարման 2017-19թթ. ռազմավարությունը

Ներկայացվել է պարտքի կառավարման 2017-19թթ. ռազմավարությունը


Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունը (ՊՊԿՎ) կազմակերպել էր միջոցառում՝ պաշտոնապես ներկայացնելու ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-19թթ. միջնաժամկետ ռազմավարությունը, 2017թ. ֆինանսավորման ծրագիրը և ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները:


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ընդգծել է պարտքի կառավարման զարգացման անհրաժեշտությունը, ՊՊԿՎ-ին աջակցության հարցում ԵՄ-ի դերը՝ համագործակցության շարունակականության հույս հայտնելով:



«Կառավարությունը վերջին տասը տարվա ընթացքում բազմաթիվ օժանդակություններ և համագործակցության եզրեր է ունեցել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, և հիմնական նպատակը եղել է ավելի զգուշավոր, նպատակային պարտքային քաղաքականություն իրականացնելը»,- նշել է Արմեն Հայրապետյանը:



ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը կարևորել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարտքի կառավարման և պետական ներդրումների ոլորտում լիարժեք թափանցիկության ապահովումը՝ հավելելով, որ պետական պարտքի թափանցիկությունը կարևորագույն տարր է, որն ուղղակիորեն մեծացնում է թողարկողի վարկունակությունը և գրավում պետական ու մասնավոր օտարերկրյա ներդրողներին: «Կարծում եմ՝ կառավարությունն այս պահին շատ ճիշտ միջոցառումներ է իրականացնում պետական պարտքի կառավարման ուղղությամբ, և մենք օժանդակում ենք կառավարությանը, որպեսզի հստակ համակարգվի այդ գործընթացը՝ բացառելու հնարավոր վտանգները»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:


Հոա-Բին Աջեմյանի խոսքով՝ պետական պարտքի և պետական ներդրումների կառավարման հզորացման ուղղությամբ ԵՄ աջակցությունը նպատակ ունի ապահովել Հայաստանի կարողությունները` հարթ զարգացնելու իր տնտեսությունը` ի շահ իր քաղաքացիների:




ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ընդգծել է պարտքի կառավարման առաջնային դիլերների կարևոր դերը և ներկայացրել տեխնիկական այն բարեփոխումները, որոնք իր ղեկավարած վարչությունը մտադիր է իրականացնել մոտ ապագայում` ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետությունը բարձրացնելու և ներքին պարտքի ընդհանուր ծախսերը նվազեցնելու նպատակով: 



ՊՊԿՎ ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է պարտքի կառավարման 2017-19թթ. միջնաժամկետ ռազմավարությունը՝ պարզաբանելով, որ ՀՀ կառավարությունն ընտրել է ներքին պարտքի շուկայի զարգացմանն ուղղված ռազմավարություն` ներքին աղբյուրների հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մասնաբաժնի ավելացման միջոցով: 



ՊՊԿՎ պետի տեղակալ, գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը մեկնաբանել է 2017թ. փոխառությունների ծրագիրը՝ ընդգծելով պետական արժեթղթերի թողարկումների համախմբումն ու ավելի մեծ ծավալներով ուղենշային պարտատոմսերի շրջանառումը: 2017թ. կառավարության զուտ ներքին փոխառության պահանջները կկազմեն 45 մլրդ դրամ` 2016թ. 42 մլրդ դրամի դիմաց:



Պետական ներդրումների կառավարման ԵՄ աջակցության ծրագրի թիմի ղեկավար Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել է պետական ֆինանսական ներկա նվազ միջոցների համատեքստում պետական ներդրումային ծրագրերի առաջահերթությունների սահմանման կարևորությունը և կառավարության հետ ներկայում քննարկվող՝ պետական ներդրումների գնահատման ու առաջնահերթությունների սահմանման համակարգը, որի ընդունումը նախատեսվում է 2017թ.: 


Պետական պարտքի կառավարման ԵՄ աջակցության ծրագրի թիմի ղեկավար Ջին-Լյուք Սթեյլլերսը խոսել է պարտքի ռազմավարության ու ֆինանսավորման ծրագրերի միջև կապի և պետական ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների սահմանման մասին:


Միջոցառումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: