Դեկտեմբեր 12 2016

ԼՂՀ սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով

ԼՂՀ սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: 


Հիշեցնենք, որ հանրային քննարկումներից հետո Սահմանադրության նախագիծը նոյեմբերի 19-ին ներկայացվել էր նախագահին:


Բակո Սահակյանը բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը՝ հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է Արցախի հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են և կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ԼՂՀ-ում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, կատարելագործել իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը: 


«Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին»,- նշել է Բակո Սահակյանը: