Հոկտեմբեր 18 2016

ՀՀ նոր կառավարության ծրագիրը

ՀՀ նոր կառավարության ծրագիրը

Կառավարությունը մշակել է գործունեության ծրագիր, որը ներառված է

գործադիրի այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստի օրակարգում:


ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի ու հայության ողջ ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը։


Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես՝ պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ։ 


Այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում աշխարհաքաղաքական և անվտանգային առկա սպառնալիքները, որոնցով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի բնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զինված ուժերը բյուջեի և տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ:


Կառավարությունը գործելու է՝ նպատակադրված իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները.

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում,

2015թ. փոփոխություններով՝ ՀՀ Սահմանադրության կենսագործում,

ՀՀ պետական կառավարման համակարգի արդիականացում,

ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը,

ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում,

կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում,

աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում,

գործազրկության կրճատում,

սոցիալական արդարության հաստատում,

հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք,

արտահանմանն ուղղված արտադրության խթանում,

պետության կողմից աջակցություն տնտեսական արագ աճ ապահովող՝ նոր ձևավորվող նախագծերին,

Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացում,

Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացում,

պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում,

էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիա,

էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և մասսայականացում,

շրջակա միջավայրի պահպանության բարելավում,

առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովում,

ԼՂՀ հետ շարունակական համագործակցություն՝ Արցախի տնտեսական զարգացման խթանման համար,

սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում։


Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ արդյունավետ կառավարում, մշտապես կատարելագործվող կառավարիչներ, պետություն-քաղաքացի հստակ և արդար հարաբերություններ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց զարգացումներին պատրաստ ու համարժեք արձագանքող տնտեսական քաղաքականություն և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն:


Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը: 


ՀՀ քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու հնարավորության ստեղծման նպատակով կառավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները.


արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում,

տնտեսության երկարատև ու կայուն բարձր աճի ապահովում,

պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում,

սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։


Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը խիստ բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։ Ի լրումն առկա գործիքակազմի՝ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ծրագրվում է ձևավորել ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

Armef News-ը հաջորդիվ ոլորտ առ ոլորտ կներկայացնի

կառավարության ծրագրային դրույթները: