Դեկտեմբեր 16 2016

ՀՀ-ԻԻՀ փոխըմբռնման հուշագիրը՝ ի կատար

ՀՀ-ԻԻՀ փոխըմբռնման հուշագիրը՝ ի կատար


ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակներում դեկտեմբերի 14-ին Մեղրիի մաքսակետում հանդիպել են Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարները: Խորհրդակցությանը քննարկվել են սահմանային մաքսակետերի համագործակցության սերտացմանն ուղղված հարցեր` արձանագրելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների: 


Կողմերն անդրադարձել են Հայաստանի ու Իրանի միջև բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանն ուղղված աշխատանքներին: Գործընկերները փոխանակել են նաև սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Երկկողմ քննարկումների արդյունքում որոշվել է մաքսակետերի աշխատակիցների մասնակցությամբ համատեղ հանդիպումները դարձնել պարբերական:


Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված՝ «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել: