Դեկտեմբեր 14 2016

ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի բանակցային գործընթաց

ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի բանակցային գործընթաց

Կայացել են ընդհանուր բանակցությունների վեցերորդ, առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ՝ հինգերորդ փուլերը:


Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում անցկացվել է ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի` առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը, որին մասնակցում է ՀՀ բանակցային պատվիրակությունը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ: 


Հինգերորդ փուլի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ ուղղություններով՝ «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ», «Մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Ծառայությունների առևտուր» և «Ներդրումներ»:


Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ ընդհանուր բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը:


Քննարկվել են համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության և Հիմնական ու եզրափակիչ գլուխների դրույթները։


Բանակցությունների ավարտին կայացած լիագումար նիստին  կողմերն ամփոփել են քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների գլուխների շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հաջորդ փուլերի ժամանակացույցի շուրջ։