Դեկտեմբեր 15 2016

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում

«Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող

Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, քան ներկա Գործընկերության և համագործակցության համաձայնագրին». ԵՀ ներկայացուցիչ:


Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ, Բրյուսելում անցկացվել է քննարկում՝ նվիրված ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը: Ելույթ են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն ու Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության՝ Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Քննարկումը համակարգում էր Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրանտ Կոստանյանը: Մասնակցում էին ավելի քան 40 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հետազոտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ:


«Ուրախ եմ տեսնել Հայաստանի հավակնոտ դիրքորոշումը այս գործընթացում, ինչպես նաև հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ հաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը»,- ասել է Դիրք Շուբելը՝ ընդգծելով, որ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունել ԵՄ ակվիսները:


Պետրոս Սուրմելիսը շեշտել է, որ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում՝ արձանագրելով արագ առաջընթաց «առևտրի և ներդրումների» բլոկում: «Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, քան ներկա Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, այդուհանդերձ՝ ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,- նշել է Սուրմելիսը:


Գարեգին Մելքոնյանն էլ պարզաբանել է, որ սա Ազատ առևտրի համաձայնագիրը չէ, և առևտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ՝ նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում: Անդրադառնալով բանակցությունների ժամանակացույցին՝ նա նշել է. «Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը: Մեզ համար ավելի կարևոր է հասնել լավ արդյունքի՝ ցույց տալով, որ Հայաստանը՝ իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական և վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ և թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»:


Պատասխանելով վիզայի ազատականացման վերաբերյալ հարցին՝ Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելը շեշտել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ վիզայի ազատականացման գործընթացի շուրջ: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Խորհուրդը պետք է նման մանդատ տրամադրի, մինչդեռ ԵՄ անդամ որոշ երկրներ պատրաստ չեն դա անել այս փուլում՝ ելնելով մի շարք պատճառներից, որոնք անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում:


Ընդգծելով, որ Հայաստանի հետ համաձայնագիրը բացառապես երկկողմանի է, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետրոս Սուրմելիսը հավելել է, որ սա կարող է նախադեպ դառնալ ԵԱՏՄ անդամ այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի համար, թեև «այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը ԵՄ-ին թույլ չի տալիս մոտ ապագայում նման գործընթաց նախաձեռնել»:


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ամփոփելով քննարկումը, շեշտել է, որ չնայած Հայաստանն ունի պարտավորություններ այլ ինտեգրացիոն գործընթացներում ևս, սակայն «այս բանակցությունները ցույց են տալիս Հայաստանի հավատարմությունը ԵՄ-ին, որը եղել և մնում է ՀՀ առևտրային հիմնական գործընկերը»: