Դեկտեմբեր 13 2016

ԵՄ ջրային նախաձեռնություն +. մեկնարկային հանդիպում

ԵՄ ջրային նախաձեռնություն +. մեկնարկային հանդիպում


Այսօր՝ դեկտեմբերի 13-ին կայացել է ԵՄ արևելյան գործընկերության՝ «ԵՄ ջրային նախաձեռնություն +» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպումը: Հիշեցնենք, որ ԵՄ քառամյա այս ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի երկրներում բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը:


Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պիոտր Սվիտալսկին:



Արծվիկ Մինասյանը, նշելով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը շուրջ տասը տարի համագործակցում է Եվրամիության հետ, ընդգծել է այս ծրագրի շրջանակներում այդ համագործակցությունը հաջողությամբ ընդլայնելու ակնկալիքը: «Չնայած վերջին տասը տարիներին ջրերի կառավարման համակարգի բարելավման և անհրաժեշտ հիմնական օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման բնագավառում նկատելի առաջընթաց է արձանագրվել, այնուհանդերձ՝ անհրաժեշտ է իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ՝ լիարժեք բարելավելու օրենսդրությունը, մոնիթորինգի և գնահատման տեխնիկական հզորությունները, ինչպես նաև որոշումների կայացման որակը»,- նշել է նախարարը՝ մաղթելով արդյունավետ քննարկումներ, որոնք կդառնան ծրագրի պատշաճ պլանավորման և իրականացման հիմք:


ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրով ակնկալվում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, աջակցություն երկրի հիմնական գետավազանների ջրային հաշվեկշիռների ճշգրտման աշխատանքներում և ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործում: