Դեկտեմբեր 20 2016

Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Ազգային անվտանգության խորհրդի նիստ


ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: 


Օրակարգի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովել ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը: 


Նախագծի քննարկման արդյունքում նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, վարչապետին հանձնարարել է փոխվարչապետի ու էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել ՀՀ նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպմանը: Խորհրդի նիստին որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով:


Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումն ու ներկայացումը՝ ՀՀ նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն: 


Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը՝ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի թիվ 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-35թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ: