Հուլիս 02 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

Միջոցառումներն ուղղված են Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայության հիմնադրամը «Էներգետիկայի շաբաթ 2014» միջոցառումների շրջանակներում հուլիսի 2-3-ը Երևանի Մոսկվայի տանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ` օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը: 

Քննարկումներին մասնակցում են ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և շահագրգիռ այլ անձինք: «Էներգետիկայի շաբաթ 2014» միջոցառումներն ընդգրկում են պլենար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև զուգահեռ ընթացող ցուցահանդես, որտեղ ներկայացվում են հայաստանյան շուկայի առաջարկները: Միջոցառման կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ն:

Այսօր` հուլիսի 2-ին «Էներգետիկայի շաբաթ 2014-ի» բացմանը մասնակցել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարը շրջել է միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել էներգետիկայի ոլորտի՝ մասնավորապես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներկայացված հայաստանյան շուկայի առաջարկներին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով՝ «Էներգետիկայի շաբաթ 2014-ի» նպատակն է էապես բարելավել և զարգացնել էներգետիկ դաշտը Հայաստանում, քննարկել առկա ձեռքբերումները, ներդրումային հնարավորությունները, բացահայտել ոլորտի զարգացման խոչընդոտները և նախանշել դրանց հաղթահարման ուղիները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով միջոցառման նախաձեռնողներին ու մասնակիցներին, նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են ոլորտի զարգացման ու առաջընթացի համար: 

«Վերականգնվող էներգետիկան եղել և մնում է առաջնային մեր էներգահամակարգի համար: Հետևաբար` մենք պետք է հասկանանք և նման հանդիպումների ու քննարկումների արդյունքում պարզենք, թե ինչն է խանգարում ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է նախարարը:

Ինչպես տեղեկացրել է Երվանդ Զախարյանը, առաջիկայում նախարարությունում հանդիպում կկայանա հողմային ու արևային էներգետիկայի մասնագետների հետ: Նրա խոսքով` քանի որ վերջերս է նախարարի պաշտոնին նշանակվել, չի հասցրել խորությամբ ծանոթանալ ոլորտին ու խնդիրներին: «Այնուամենայնիվ,- հավելել է նա,- պատրաստ եմ լսել մշակումների փորձ ունեցող մասնագետներին, հասկանալ՝ ինչ է նրանց անհրաժեշտ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար»:

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2014