Նոյեմբեր 09 2016

Տեխնոլոգիաները համ ու հոտ են տալիս Հայաստանի ներդրումային միջավայրին

Տեխնոլոգիաները համ ու հոտ են տալիս Հայաստանի ներդրումային միջավայրին

Ներդրում նշանակում է լինել մի դիրքում, որը հավասար գործընկերության հնարավորություն է տալիս, և որի հաջողությունը երկկողմանի է:


Հոկտեմբերին Նյու Յորքում անցկացվեց

Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ

ամենախոշոր ներդրումային համաժողովը:

Ֆորումի անցկացման, դրանից ակնկալվող արդյունքների շուրջ

Armef News-ը զրուցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր»

հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:


- Ո՞րն էր համաժողովի նպատակը, արդյո՞ք միայն փող բերելը: 


- ԱՄՆ-ում կայացած ներդրումային համաժողովի ընդգրկմամբ միջոցառում վերջին 15 տարում տեղի չէր ունեցել, որտեղ ներդրողներին ներկայացվեր Հայաստանն ամբողջապես, այդ թվում և զարգացման ուղղություններն ու միտումները: Իհարկե՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար ֆորումը նորություն չէր, քանի որ վերջին ութ տարիներին իրականացվող ArmTech համաժողովները գրեթե ամբողջությամբ նվիրվում են ՏՏ-ին ու բարձր տեխնոլոգիաներին: Այդուհանդերձ՝ ուրախ եմ, որ տնտեսության ներկայացված ընդհանուր փաթեթում կարևոր տեղ էր հատկացվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին: Ես համակարգում էի այդ պանելը, որի ընթացքում Հայաստանը ներկայացվեց որպես տարածաշրջանային և համաշխարհային հանգույց ՏՏ ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Առաջին անգամ շեշտադրումը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա էր, այլ երկիրը ներկայացվեց որպես ճարտարագիտության, մակրո ու բարձր տեխնոլոգիաների երկիր: 


Կարևոր էր նման համաժողովին մասնակցելը, քանի որ այնտեղ կային ոչ միայն ոլորտով հետաքրքրված ներդրողներ, այլև մարդիկ, ովքեր եկել էին թերևս միանգամայն այլ հետաքրքրությամբ, բայց նրանց ևս «կարողացանք բերել ՏՏ ոլորտ»: Կար և հակառակը, կային մարդիկ, ովքեր գիտեին մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի մասին, բայց չգիտեին թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում: Ֆորումի հետաքրքիր պանելներից էր նաև այն, որտեղ ներկայացված էին միայն ներդրումային ծրագրերը. Շուրջ 10 ծրագրեր ներառում էին տարբեր ոլորտներ՝ դեղագործությունից մինչև տրանսպորտ: Բնականաբար՝ դրանց շարքում էր նաև ՏՏ ոլորտը: 


Նմանատիպ համաժողովները կարևոր են, որպեսզի աշխարհը հասկանա, թե ինչ է կատարվում երկրում: Շատ կարևոր էր երկրի նախագահի, նաև կառավարության բարձրաստիճան անդամների մասնակցությունն ու նրանց կողմից հղված մեսիջները ներդրողներին, ովքեր, այսպես ասած, առաջին աղբյուրից լսում էին այն երաշխիքների, այն հնարավորությունների ու ծրագրերի մասին, որոնց իրականացմանը իրենք կարող են մասնակցել: 


- Երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ մեր ՏՏ ոլորտը, հիմա նաև բարձր տեխնոլոգիաներն ու ճարտարագիտությունը ներկայացվում են ԱՄՆ-ում՝ ԱրմԹեք համաժողովի շրջանակներում: Այնպիսի տպավորություն է, որ Ամերիկան բավական լավ գիտի մեր բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Այս անգամ ի՞նչ նոր ասելիք ունեինք ֆորումի մասնակիցներին: 


- ArmTech-ը չենք օգտագործում միայն ներդրումների համար: ArmTech-ով փորձում ենք նաև հասկանալ, թե ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում, որոնք են զարգացման միտումները: Կարողանում ենք այսպես ասած «առաջին ձեռքից»՝ Սիլիկոնային հովտի կամ Նյու Յորքի մասնագետների հետ շփումներից հասկանալ, թե որ ուղղությամբ են գնալու հիմնական ներդրումներն ու զարգացումները: Ինչպես նաև կարողանում ենք մասնագիտական մակարդակով ներկայացնել այս կամ այն կազմակերպությունն ու այս կամ այն խնդիրը: 


Նյույորքյան ներդրումային համաժողովը փոքր-ինչ այլ ձևաչափի մեջ էր: Պետք է կարողանայինք ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում ներկայացնել երկու ոլորտ. ՏՏ և ճարտարագիտություն: Միաժամանակ՝ հստակ շեշտել հենց այն ուղղությունները, որոնցով ուզում ենք մեզ ճանաչեն: Դա բավական բարդ խնդիր է: Եթե մեկ-երկու օր շարունակ մի քանի շնորհանդեսի ընթացքում անընդհատ խոսում ես մի հարցի շուրջ, կարողանում ես տարբեր կողմերից ներկայացնել այն, հավուր պատշաճի մատուցել, բնականաբար՝ դրական արդյունքի հավանականությունը մեծանում է: Մինչդեռ այստեղ մասնագիտական քննարկման համար ընդհանրապես ժամանակ չկար, և մեկուկես ժամում պետք էր գեներացնել մասնակիցների հետաքրքրություն, որից հետո արդեն կլինի շարունակություն: ԱրմԹեքում մենք ոչ միայն գերներացնում ենք հետաքրքրություն, այլև կոնկրետ քննարկում ենք որոշակի խնդիրներ: 


Այս անգամ նույնպես շատ ասելիք բան ունեինք, որովհետև ՏՏ ոլորտում վերջին մի քանի ամսում շատ լուրջ փոփոխություններ են եղել: Մեծ ներդրումներ, որոնք հայկական կազմակերպությունները ստացել են Սիլիկոնային հովտից, ունենք բավական արագ զարգացող ճարտարագիտության ոլորտ, որտեղ լուրջ հաջողություններ ենք արձանագրում, ունենք տեխնոլոգիական կենտրոններ, որոնք արդեն որոշակի արդյունք են տալիս: Մենք էլ օգտվեցինք ընձեռված առիթից՝ ոլորտը ներկայացնելու համար: Մյուս կողմից էլ, կարծում եմ, ՏՏ-ն և ճարատարագիտությունը համ ու հոտ են տալիս Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև այսօր դժվար է պատկերացնել ներդրումներն առանց տեխնոլոգիաների:


- Ժամանակին, այսօր ևս, Ռուսաստանում և ողջ Արևելյան Եվրոպայում Հայաստանը ճանաչում էին իր կոնյակով: Հիմա Արևմուտքը Հայաստանը ճանաչում է ավելի շատ իր զարգացած ՏՏ-ով, բարձր տեխնոլոգիաներով: Համաժողովի ընթացքում նրանք ի՞նչ վերաբերմունք էին դրսևորում Հայաստանի տնտեսության նկատմամբ: Ծանո՞թ էին մեր տնտեսությանն ընդհանրապես, թե ամեն ինչ անցկացնում էին մեր ՏՏ-ի պրիզմայով:


- Քննարկման տարբեր հարթակներում տարբեր մասնակիցներ էին, և յուրաքանչյուրը Հայաստանը ճանաչում էր ի՛ր ոլորտով: Բայց շատ կարևոր էր, որ ամբողջ փաթեթի մեջ Հայաստանը առանձնանար, տարբերվեր մի քանի ոլորտով, որոնց շնորհիվ ոչ միայն ասում ենք՝ եկեք մեր երկիր, ներդրումներ կատարեք, այլ կարողանում ենք շեշտադրել, որ եթե ուշանաք, կարող է հնարավորությունը կորցնեք: Դա ինտրիգ է, որը ֆորումին տալիս է որոշակի մակարդակ, և դա այն համեմունքն է, որը կարողանում է ներդրողների շրջանում այլ ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ու վստահություն ձևավորել: Արձանագրված հաջողությունը ոչ միայն մեկ ոլորտի, մեկ մարդու, մեկ կազմակերպության հաջողություն է, այլև երկրի, որը մեծ հնարավորություն է տալիս նաև մյուսներին՝ տեսնելու և հետագայում ներդրումներ կատարելու: 


- Եվ այնուամենայնիվ՝ ի՞նչ տպավորություն ունեիք դրսի մասնակիցների առումով: Հայաստանի տեխնոլոգիաների ոլորտը լուրջ զարգացում է ապրում, աշխարհի մակարդակով առաջատար տեղում է, մինչդեռ տնտեսության մյուս ճյուղերը էապես ետ են մնում: Նրանց մոտ նման հարց չէ՞ր առաջանում, թե ինչու է նման պատկեր մեր տնտեսության մեջ: Մյուս կողմից էլ մենք ՏՏ ոլորտի առումով արտահանող երկիր ենք, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրի կառավարությունը ՏՏ ոլորտից ամենաքիչ օգտվողներից է:


- Չմոռանանք, որ ներդրումային համաժողովներին չեն քննարկում երկրի խնդիրները, այլ ներկայացվում են երկրում առկա հաջողություններ: Այս անգամ լավ տնային աշխատանք էր կատարված, և Հայաստանը շատ լավ «փաթեթավորված էր»: 


Ֆորումի շրջանակներում նորանշանակ նախարարը հանդիպեց IBM-ի փոխնախագահի հետ: Ուենինք հյուրեր նյույորքյան ՏՏ ընկերություններից: Պետք է նշեմ երեք հիմնական կետ, որով կարող ենք ֆորումը հաջողված համարել: Առաջին՝ համաժողովը ներկայացուցչական էր և՛ մեր, և՛ իրենց կողմից: Երկրորդ՝ Հայաստանը շատ լավ «փաթեթավորված էր», լավ էին մշակված մեր ներդրումային ծրագրերը: Կային կոնկրետ ծրագրեր կոնկրետ ներդրողների համար: Իսկ ներդրողին պետք է լավ ծրագիր, միջավայր կամ որոշակի երաշխիքներ: Ի վերջո՝ ներդրումները կարող են տնտեսական աճի ու զարգացման սկիզբ լինել: 


- Ինչպիսի՞ն էր ներդրողների արձագանքը, մանավանդ որ՝ ներկայացել էիք նոր կառավարության անդամներով: 


- Մյուս ոլորտների առումով չեմ կարող ասել: Մեր ոլորտով հետաքրքրությունը մեծ էր, և հիմա արդեն մի շարք կազմակերպությունների հետ ծրագրեր ենք քննարկում ֆինանսական ներդրումների, վենչուրային հիմնադրամների, ներդրումային ֆոնդերի հետ կապված: 


«Գրանատուս վենչուրս» հիմնադրամի մոդելը, դրամաշնորհային ծրագրերը, բաժնեմասային ներդրումները շատ մեծ հետաքրքրություն առաջացրին ներդրողների կողմից՝ Հայաստանում ստեղծելու նմանատիպ վենչուրային կամ ներդրումային կազմակերպություններ: 


Մեր ինժեներական քաղաքի ծրագրի մասին տեղյակ չէին, և դա առիթ էր մեր հավակնությունները ներկայացնելու, որովհետև ներդրումը չի նշանակում միայն փող խնդրել: Ներդրում նշանակում է լինել մի դիրքում, որը հավասար գործընկերության հնարավորություն է տալիս, և որի հաջողությունը երկկողմանի է:


- Ի՞նչ սովորեցինք, ի՞նչ տվեց մեզ ներդրումային համաժողովը՝ նաև կազմակերպչական առումով: Փորձենք զուգահեռներ տանել ԱՄՆ-ում անցկացվող ArmTech-երի հետ. փոխառելու ի՞նչ ունեն երկու համաժողովները: 


- Առաջինը որ պետք է ArmTech-ից սովորել, նման ֆորումները հաճախակի կազմակերպելն է: Պետք չէ ընդմիջումներ տալ: Երկու, առավելագույնը երեք տարին մեկ պետք է նման ֆորումներ կազմակերպել: 10-15 տարվա միջակայքը անասելի մեծ է: 


Երկրորդ՝ որքան էլ ներդրումային ֆորումը հաջող անցնի, որոշակի մասնագիտացում է պահանջում: Եվ համաժողովների միջակայքում կարելի է կազմակերպել ենթահամաժողովներ, ասենք՝ զբոսաշրջության կամ այլ ոլորտի վերաբերյալ: Կարևոր է նաև, որ ներդրումային ենթահամաժողովներ կազմակերպվեն այն վայրերում, որտեղ ներդրումային միջավայրը Նյու Յորքի նման զարգացած չէ: 


Ֆորումը նաև հետաքրքիր հարթակ էր շատ ներդրողների համար՝ հասկանալու, թե արդյոք կարող են Հայաստանը օգտագործել՝ ԵԱՏՄ և Իրան մտնելու համար: Հնարավոր է՝ Հայաստանը մի շարք ներդրողների համար գրավիչ չլինել, բայց որպես կամուրջ՝ շատ հետաքրքիր լինել: 


- Ձեր գնահատմամբ՝ ներդրումային համաժողովը հաջողվա՞ծ էր: 


- Այո, որովհետև առաջադրված նպատակին հասանք: Իսկ թե ինչ արդյունքների ականատես կլինենք՝ կախված է այն բանից, թե որքանով հետևողական կլինենք ու ներդրողներին կհիշեցնենք մեր մասին, կկարողանանք նրանց ավելի մանրամասն ծրագրեր ներկայացնել: 5-10 րոպեում ներկայացված 100 մլն դոլլարանոց ծրագիրը պահանջում է ամիսների և տարիների քրտնաջան աշխատանք: 


Համոզված եմ՝ ճարտարագիտության բնագավառում և վենչուրային հիմնադրամների մասով մի քանի ամսվա ընթացքում կտեսնենք նոր արդյունքներ, որոնք ծնվել են համաժողովում: