Նոյեմբեր 07 2016

Ռուսաստանի այսօրվա սպառողը առաջվանը չէ

Ռուսաստանի այսօրվա սպառողը առաջվանը չէ

Արտահանվող ապրանքը պետք է համապատասխանեցվի նրա պահանջներին`

գին/որակ հարաբերակցության առումով:


ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ

Armef.News-ի թղթակից Աշոտ Խաչատրյանի քննարկման թեման նույնն է՝

ռուսական շուկայում հայկական մթերքի իրացման խնդիրները:


- Ի՞նչ է փոխվել վերջին մեկ տարում ՌԴ տնտեսության մեջ: Հայ արտահանողներն ու նրանց շահերը ներկայացնողները պնդում են, որ Հայաստանի տնտեսության այսօրվա վատ վիճակը պայմանավորված է նաև ռուսական շուկայում տիրող իրավիճակով: Նրանց ներկայացմամբ՝ մեր արտահանողները լուրջ խնդիրներ ունեն ռուսական շուկայում, և դա պայմանավորված է ոչ միայն ռուբլու անկայուն վարքով, այլև ռուսական ընկերությունների՝ բիզնեսին ոչ հարիր վերաբերմունքով. վերցված ապրանքների դիմաց վճարումների ժամկետների և պայմանավորված գների խախտումներ: 


- Վերջին մեկ տարում ռուսական շուկան ոչ արմատապես, բայց որոշակիորեն փոխվել է: 2015թ. երկրորդ կեսին այնտեղ ճգնաժամը շարունակվում էր, ընկնում էր բնակչության սպառման մակարդակը, դրա հետ կապված՝ նվազում էին նաև մեր ապրանքների արտահանման ծավալները: Այս տարվա առաջին կիսամյակում մենք ունենք արտահանման ծավալների զգալի աճ, որը գերազանցում է մեզ համար ամենաարդյուավետ տարվա` 2013թ. ցուցանիշները: Հայաստանից արտահանվող ապրանքատեսակներից միայն ձկնեղենն է, որ 2015թ. համեմատ ծավալների անկում է արձանագրել: 


2016թ. և 2013թ. առաջին կիսամյակների համեմատությունից պարզվում է, որ դոլլարային արտահայտությամբ՝ շուրջ 15%-ով աճել են մեր արտահանման ծավալները: Իսկ եթե հաշվենք, որ դոլլարային արտահայտությամբ՝ ապրանքների գները բավական էժանացել են, կհետևի, որ մեր արտահանման ֆիզիկական ծավալներն էապես են մեծացել: Դա ես կպայմանավորեի երկու գործոնով. նախ` հայ գործարարներն արդեն ընտելանում են ռուսական շուկայի նոր իրավիճակին, որն արմատապես տարբերվում է նախկինից և առաջիկայում դեռևս երկար ժամանակ այսպիսին է լինելու: Երկրորդ՝ դա պայմանավորված է ՌԴ տնտեսական իրավիճակով, սա էլ իր հերթին` նավթի համաշխարհային գներով ու ՌԴ-Արևմուտք հայտնի հարաբերություններով: 


Ինչ վերաբերում է Ձեր նշած խնդիրներին, ես տվյալներ ստանում եմ և՛ ՀՀ-ից և՛ ՌԴ-ից ու երբ համեմատում, վերլուծում եմ, պարզվում է, որ ՌԴ ճգնաժամային տարիներին (որն ուղղակիորեն ազդում է նաև մեզ վրա, քանի որ Ռուսաստանը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է) և այս ընթացքում, բացառությամբ որոշակի դեպքերի, մեր արտահանողների համար որևէ լուրջ խոչընդոտ չի ստեղծվել: Հակառակը՝ արտահանման գործընթացներն ավելի պարզեցվել ու սահուն են դարձել, և դրանում մեծ դերակատարում ունի նաև ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, որը համընկավ ռուսական ճգնաժամի սկզբին և դարձավ մեր արտահանողների համար «անվտանգության բարձիկ»: 


- Վրաստանից ՌԴ արտահանումների աճի տեմպերը հարաբերականորեն ավելի լուրջ են, քան Հայաստանի պարագայում: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանը ոչ միայն ԵԱՏՄ անդամ չէ, այլև Ռուսաստանի հետ այնքան էլ ջերմ հարաբերություններ չունի: 


- Մեր աճը, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, կազմել է 95%: Չեմ կարծում, թե Վրաստանի պարագայում նման աճ է արձանագրվել: 


- Ես հարաբերական աճի մասին եմ ասում: Հասկանալի է, որ առայժմ իրենց արտահանման ծավալները շատ ավելի փոքր են, բայց հարաբերական առումով շատ ավելի է աճել: 


- Վրացիները հիմնականում գինի են արտահանում, և աճն էլ եղել է միայն դրա հաշվին: Ուսումնասիրելով, վերլուծելով ռուսական շուկա հայկական տարբեր ապրանքների արտահանման ծավալներն ու դրանց գնաճը՝ հետաքրքիր պատկեր է ստացվում: Ճգնաժամի ընթացքում ռուսական շուկայում դոլլարով գների աճը շատ չնչին է եղել: 


- Ճգնաժամի ընթացքում ռուբլին շուրջ 120%-ով արժեզրկվել է, մինչդեռ եթե որոշ ապրանքներ գնաճ են արձանագրել, ապա 20%, առավելագույնը` 25%: 


- Նշյալ թվերը ոչ բոլոր ապրանքներին են վերաբերում: Այդ ընթացքում մեր ապրանքների մեջ ամենաշատ աճն արձանագրվել է կոնյակի դեպքում, որը դոլլարային արտահայտությամբ միջինը 15%-ով թանկացել է: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից կոնյակի արտահանման աճը թե՛ ծավալային և թե՛ գումարային առումով եղել է ավելի քան 50%: Դա նշանակում է, որ մեր կոնյակն արտահանողները ճիշտ քաղաքականություն են վարում: 


- Ավարտվել է խաղողի մթերման գործընթացը: Շատ ընկերություններ հրաժարվեցին խաղող մթերել, շատերն էլ մթերեցին չնչին քանակներով՝ պատճառաբանելով, թե ռուսական շուկայում ճգնաժամ է, իրենց արտադրանքը չեն կարողանում իրացնել, անցած տարվա ամբողջ մթերածը չեն տեղավորել… Եթե 50% աճ է արձանագրվել, ուրեմն ի՞նչ՝ կոնյակ արտադրողները խաբու՞մ են խաղողագործներին: 


- Գուցե գինեգործներն են քիչ են մթերում կամ չեն մթերում, Ձեր ասածն ավելի շատ վերաբերում է գինի արտադրողներին: 


- Ոչ: Մենք գինի շատ ավելի քիչ ենք արտադրում: Մթերվող խաղողի շուրջ 90-95%-ը կոնյակի հումք է դառնում: 


- Ըստ վիճակագրության՝ կոնյակի համեմատ գինու արտահանումը փոքր-ինչ նվազել է: Կարծում եմ, որ այդկերպ վարվողները կոնյակագործության ոլորտի հիմնական խաղացողները չեն, որովհետև փաստ է, որ կոնյակի արտահանումն աճ ունի, և դա միայն իմ կարծիքն ու իմ վերլուծությունների արդյունքը չէ: Անցյալ տարվա առաջին կիսամյակում պինդ ոգելից խմիչքի (բացարձակ մեծամասնությամբ կոնյակն է) ֆիզիկական ծավալները եղել են 1 մլն 550 հազ. լիտր, այս տարի` 3 մլն 380 հազ. լիտր: Այս թվերը նույնն են և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ՀՀ ԱՎԾ-ում: 50%-ը բավական լուրջ ծավալ է և գումար: 2014թ. սկզբին, նախքան ճգնաժամի սկիզբը, և 2016թ. սկզբներին հայկական կոնյակի գները համեմատելիս ստացվում է, որ ռուբլով արտահայտված՝ այն միջին հաշվով 15%-ով բարձրացել է, իսկ դոլլարով հաշվարկած՝ մոտ 80-85% նվազել: 


Այդքանով հանդերձ՝ մեր կոնյակ արտադրողները ճիշտ քաղաքականություն են վարում, որովհետև պետք է շուկան պահել: Մեր կոնյակը թանկ է: Ես հետևում եմ զարգացումներին ու հասկանում եմ, որ մերոնք շատ ճիշտ հետևում են Ռուսաստանում ֆրանսիական կոնյակի գնաճին ու ելնելով դրանից՝ գտնում են իրենց տեղը գնային սեգմենտում: Եթե նախորդ տարում մեր ընդհանուր արտահանման մեջ կոնյակի ծավալները կազմել են 27%, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ արդեն իսկ 33%: 


- Մենք նույնպես հետևում ենք ռուսական շուկայում ընթացող զարգացումներին, և այն տպավորությունն է, որ մեր մի շարք գործարանների արտադրանքն այլևս ռուսական շուկայում պահանջարկ չունի: Ընդ որում՝ կոնյակ արտադրող գործարանների վերջին մեկ-երկու տարիների պահվածքն էլ է դա ցույց տալիս: 


- Միշտ, բոլոր մակարդակներում նշվել է, որ ի վերջո՝ ռուսական շուկան հետևողական է լինելու որակի հարցում: Այսօրվա ռուս սպառողն էապես փոխվել է: ՌԴ պաշտոնական տվյալները վկայում են, որ սննդամթերքի սպառումը միջինը 25%-ով նվազել է: Մարդիկ սկսել են սննդամթերք գնել ընտրողական: Նախկինում միջին խավը գնում էր, ինչ հավանում էր: Հիմա ամեն ինչ հաշվարկում է: ՌԴ առևտրային խոշորագույն ցանցերից Metro Cash & Carry-ի (գերմանական Metro Group.- խմբ.) ղեկավարը, վերջերս մեր զրույցի ընթացքում ասաց, որ հաճախորդների մեծ մասը սպասում է, որ ակցիաներ լինեն, և դրանցում ընդգրկված ապրանք գնեն: Մինչդեռ այդ ցանցից օգտվում է հիմնականում ՌԴ միջին ու բարձր խավը, և այնտեղ վաճառվում է որակյալ և ոչ էժան ապրանք: Հետևաբար` Ռուսաստանի այսօրվա սպառողը այլևս առաջվանը չէ, ու արտահանվող ապրանքը պետք է համապատասխանեցվի նրա պահանջներին` գին-որակ հարաբերության առումով: 


- Դուք հետևե՞լ եք, թե հայկական ապրանքների որ մասն է այդ ընկերության ցանցում իրացվում: 


- Հիմնականում` մեր ձկնեղենը: Բայց հիմա այդ ցանցի քաղաքականությունը փոխվելու է: ՌԴ-ն այս տարվա հուլիսի 14-ին նոր փոփոխություններ մտցրեց առևտրի մասին օրենքում, որով խոշոր ցանցերը հնարավորություն չունեն մարքեթինգի նպատակով բոնուսներ անել, և հիմա նույն մարքեթինգն անելու համար նույն գումարը վերցվելու է ներմուծողից: Իհարկե` մինչ այդ էլ, պայմանավորված բարձր գնով, ձկնեղենի սպառումը նվազել էր: Մեր միրգը, բանջարեղենը, պահածոները ճգնաժամային տարիներին ունեցան մոտ 30-35% գնաճ` ռուբլով արտահայտված: Ձկնեղենի գնաճը այդ ընթացքում կազմեց 75-100%: Թանկ է, և խանութները լուրջ քանակներ չեն կարողանում իրացնել: Չնայած Ռուսաստանի խանութներում լավ ձկնեղեն չկա: Հետևաբար` պետք է պատրաստ լինենք նրան, որ հիմա խոշոր ցանցերը, նաև մյուս խանութները կսկսեն նորից ապրանքի գին իջեցնել: 


ՌԴ-ում ավելի քան 50%-ով նվազել է ոսկեղենի սպառումը: Հիմա այնտեղ ավելի շատ գնում են արծաթյա զարդեր: Վերլուծությունը ցույց է տալիս, որ աճել են կոնյակի իրացման ծավալները: Հետաքրքիր աճ ենք ունեցել` պատրաստի հագուստի իրացման առումով, մինչդեռ նախկինում այս տեսականու ծավալներ գրեթե չունեինք: 


- Պահածոների պարագայում գների 30-35% բարձրացումը մեր վերամշակողին շահույթ ապահովու՞մ է, թե այս պարագայում էլ նրանք ստիպված են զրոյական եկամտով արտահանել, միայն թե շուկան չկորցնեն: 


- Բոլոր դեպքերում շահույթ կա: Խոսքը դրա չափին է վերաբերում: Այստեղ հոգեբանական փոփոխություն պետք է տեղի ունենա մեր արտադրողների, արտահանողների մոտ, պետք է ընդունեն, որ ռուսական շուկայում այլևս չեն լինի առաջվա շահույթները: Դա պնդում են ռուսական շուկան ուսումնասիրող մասնագետները: Նրանց կարծիքով` ՌԴ տնտեսությունը այլևս չի վերադառնա նախկին հունին: Բայց մեր սննդամթերքն այդ երկրում լուրջ պահանջարկ ունի, և դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ Մոսկվայի կառավարության հետ պայմանավորվածություն ունենք, և հայկական սննդամթերքի տոնավաճառներ ենք կազմակերպում ՌԴ մայրաքաղաքի տարբեր հրապարակներում: Որտեղ էլ լինի տոնավաճառը, միևնույն է` մեր մթերքը բավական լավ է իրացվում: Հայկական պանրի վաճառակետերում հաճախակի հերթեր են գոյանում: Այդ մասին ասում են նաև ռուսական սպառողական ցանցերի ներկայացուցիչները` նշելով, որ Հայաստանից պանրի լուրջ պահանջարկ ունեն: 


- Բայց անհասկանալի է, այստեղ պանրի գերարտադրություն կա, ամռան ամիսներին գինն ընկնում է մինչև 1000-1200 դրամի, իրացում չկա, այնտեղ էլ լուրջ պահանջարկ կա, բայց չի արտահանվում: 


- Ես բազմիցս լուսանկարել եմ տոնավաճառում հայկական պանրի վաճառասեղենի մոտ գոյացած հերթերը, և գնորդները հայեր չեն եղել: 


- Դուք որերորդ անգամ է` փաստում եք, որ հայկական սննդամթերքի լուրջ պահանջարկ կա: Հետաքրքիր է` այդ պահանջարկը որքանո՞վ ենք բավարարում: Եթե ծավալները կրկնակի ավելացնենք, դարձյալ կիրացվի՞: 


- Միանշանակ կիրացվի, պարզապես պետք է տրամաբանորեն մոտենալ գնագոյացմանը: Գերմանական BMW մեքենան 2014թ. սկզբներին մոսկովյան խանութում արժեր 100 000 դոլլար: 2015-ին նույն խանութում վաճառվում էր 46 000 դոլլարով: Դա նրանք անում են միայն այդ շուկան չկորցնելու համար: 


Ամեն տարի Մոսկվայում անցկացվում է Գայդարյան տնտեսական խոշոր համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի ճանաչված տնտեսագետները, կառավարության տնտեսական քաղաքականություն որոշողները, նաև միջազգային մասնագետներ: Նրանք քննարկում են ՌԴ ներկա և սպասվելիք տնտեսական իրավիճակը: Ես վերջին անգամ ՌԴ ղեկավարներից առաջարկ լսեցի, որ պետք է ստեղծել արտահանումը խթանող կառույց: Հայաստանը դա վաղուց ունի` ի դեմս Զարգացման հիմնադրամի, որը բավական հաջող դրանով զբաղվում է: 


Աշխարհում քիչ են երկրները, որտեղ պետությունը լիովին ֆինանսավորում է իր ընկերությունների մասնակցությունը արտասահմանյան ցուցահանդեսներին: Մենք դա անում ենք: Մենք ունենք արտահանման ապահովագրում, ֆակտորինգի մեխանիզմ: Իհարկե` դրանք դեռևս շատ ակտիվ չեն գործում, բայց կգա ժամանակը, երբ նույն կառույցները, ելնելով իրենց շահերից, կմեղմացնեն պայմանները, և այդ մեխանիզմները ավելի կզարգանան: Ի վերջո` այդ մեխանիզմները ստեղծել է պետությունը, որ զարգանա մեր արտահանումը: ԱՊՀ-ում նման բան եթե կա էլ, ապա շատ քիչ պետություններում: Մենք ենք և Բելառուսը, որ ՌԴ-ում ВДНХ-ում ունեն առևտրացուցահանդեսային կենտրոն: Այդքանով հանդերձ` Հայաստանի զարգացման հիմնադրամը աշխատանքներ է իրականացնում արտահանողներին նոր շուկաներ դուրս բերելու համար, և դա հեշտ գործընթաց չէ: Եվրոպացին սերնդեսերունդ միշտ մի գինի է խմել, հիմա նրանց դժվար է համոզել այլ ուրիշ գինի խմի: Իհարկե` հնարավոր է, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված: 


Մոսկվայում մեր տոնավաճառները, Բելառուսի կամ Ղազախստանի տոնավաճառների համեմատ, բավական լավն են: Մենք հիմա կազմակերպում ենք տոնավաճառներ` անմիջապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ: Մեր տոնավաճառներում իրացվում է միայն հայկական ապրանք, մոտ 30-40 վաճառատեղ ունի: Որևէ երկիր նման ճոխ տոնավաճառներ չի անում և ապրանքների նման մեծ տեսականի չունի: Մենք մեծ քանակությամբ սննդամթերք ենք ներկայացնում: Եվ իրականանում է մեր ճիշտ կազմակերպման արդյունքում ու ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքով, որը շնորհիվ զգալի դյուրացել է արտահանման գործընթացը: 


- Անցած տարիներին Դուք պարբերաբար, Մոսկվայի կառավարության հետ համաձայնությամբ, ստեղծում էիք հայկական արտադրանքի տաղավարներ և հայկական մթերքի իրացում կազմակերպում: Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին ապահովում էիք ռուսական իրացման խոշոր ցանցերի բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունը` մեր արտադրանքի արտահանման պայմաններ ստեղծելով: Այդ ուղղությամբ այս տարի նորություններ կա՞ն: 


- Տոնավաճառներ կազմակերպելը սկսել ենք 2014-ից և բավական հաջող: Մոսկվայի կառավարությունը, ՌԴ մարզերից բացի, նաև մեզ էր տարբեր հրապարակներում տարածք տրամադրում, որտեղ մենք կարող էինք կազմակերպել մեր տոնավաճառները: Մենք լիազորել էինք համապատասխան ընկերության, վերջինս էլ կազմակերպում էր ամբողջ գործընթացը: Ցավոք, իրենք մի քիչ շեղվեցին այդ ուղուց` չհասկանալով մեր գերնպատակը. ամեն կերպ նպաստել հայկական ապրանքների ցուցադրմանն ու իրացմանը: Սկսեցինք լավ, բայց հետո կազմակերպիչ ընկերությունը տարվեց գումար աշխատելով, և մենք ստիպված էինք նրանից լիազորությունը ետ վերցնել: 


Հիմա Տնտեսական զարգացման նախարարության հետ ստեղծել ենք նոր կառույց և առաջին տոնավաճառը, որ կազմակերպվեց այս տարվա օգոստոսի 21-ին, գործեց շատ հաջող: Գործընթացը շարունակվում է: Օրերս բանակցելու եմ Մոսկվայի կառավարության հետ, որ տոնավաճառները լինեն ավելի երկարատև: Մոսկվայում կա սկզբունք. յուրաքանչյուր հաջորդ շաբաթը տոնավաճառն այլ հրապարակ է տեղափոխվում: Բանակցությունների արդյունքում կա նախնական պայմանավորվածություն, որ տոնավաճառը տևական ժամանակ մի տեղ լինի, որպեսզի Մոսկվայի բնակիչն իմանա` որտեղից կարող է Հայաստանից ներկրված սննդամթերք ձեռք բերել: 


- Հնարավոր չէ՞ միջկառավարական պայմանավորվածությամբ` տարածք վարձակալել ամբողջ տարվա կամ սեզոնի համար: 


- Փորձում ենք այդ հարցերը կարգավորել, և հուսով եմ` մեր ցանկացած տարբերակով կլուծվեն: Կարծում եմ` դա բխում է նաև Մոսկվայի շահերից: 


- Բայց օգոստոսին սկսելը ուշ չէ՞ր: Կարելի էր հունիսից սկսել: 


- Հունիսի վերջերից միայն ծիրան էր արտահանվում Մոսկվա: Երբ Վերին Լարսում ժամանակավոր խնդիր եղավ, դարձյալ ապրանքները գնում էին այլ ճանապարհով: Մինչև օգոստոս մեր հիմնական ապրանքը ծիրանն էր: Դրանից հետո արդեն թարմ միրգ ու բանջարեղենի շատացման հետ մենք կազմակերպեցինք տոնավաճառները, որոնք դեռ կշարունակվեն: 


- Իսկ հնարավո՞ր է առևտրային մեծ ցանցերի հետ պայմանագրեր կնքվեն` մեծաքանակ արտահանումների համար: 


- Հնարավոր է, բայց դա կախված է գին-որակ-քանակ հարաբերակցությունից: Դրանք գերխոշոր ցանցեր են, որ աշխատում են մթերումների որոշակի, բայց խիստ կանոնակարգված ռեժիմով: Պայմանագրում հստակ ամրագրում են, թե շաբաթական ինչ քանակությամբ ապրանք պետք է ստանան գործընկեր կազմակերպությունից: Կարծում եմ` այս պարագայում մեր ոչ բոլոր արտադրողները կարող են աշխատել նման ցանցերի հետ: Բացի այդ, խոշոր ցանցերը ձգտում են, որ իրենց ապրանքը ոչ բարձր գնով ներկայացվի: Այդ պարագայում մեր ոչ բոլոր արտադրողները կարող են ցածր գնով աշխատել: 


- Հայկական ու ռուսական ոչ բարձր գները բավական տարբեր են: 


- Մեր արտադրողներից մեկը վերջերս միայն գնի պատճառով դադարեցրեց ռուսական խոշոր ցանցերից մեկի հետ համագործակցությունը: Ցանցերի ծավալները մեծ են, և ցանցի հետ կարող են աշխատել խոշոր արտադրողները, որոնց հետաքրքրում է իրենց ապրանքի մեծածավալ շրջանառությունը: 


- Հայաստանում անցած տարի մեծաքանակ վարունգ աղբանոցի բաժին դարձավ` բառի բուն իմաստով, քանի որ իրացում չկար: Այս տարի բարդ վիճակ էր լոլիկ, կարտոֆիլ, խաղող արտադրողների համար` պայմանավորված իրացման խնդիրներով: Ի վերջո` հնարավոր չէ՞ կազմակերպել մի մարմին, որը մեծ ծավալներով մթերքը կհասցնի այդ ցանցերին: 


- Այստեղ միջնորդների խնդիրն է, որ պետք է ինչ-որ կերպ լուծել: Մեր բանակցությունների արդյունքում Ռուսաստանի առևտրային խոշոր ցանցերից մեկի ղեկավարությունը հոկտեմբերի վերջին այցելեց Հայաստան: Նպատակը` մեր գործարարների, երկրի տնտեսական քաղաքականությունը որոշող ղեկավարների հետ համագործակցության խնդիրները քննարկելն էր: 


Իհարկե` մեր ապրանքների որակը բարձր է: Մոսկվայում ամենաթանկ, էլիտային խանութներում կտեսնեք հայկական միրգ: Ավելին ասեմ` հայկական մրգից թանկ միրգ Մոսկվայում չկա: Եթե մեր միրգը թանկ գումարով իրացվում է, ուրեմն` սպառող կա: Բայց դրանք փոքր ծավալներ են: Դա ամենաբարձր խավի համար է, որ այնքան էլ մեծաթիվ չէ ՌԴ-ում: Մյուս կողմից էլ մեր միրգը այդ խանութներին է հասնում մի քանի միջնորդից հետո միայն: Այդ է խնդիրը: Հասկանալի է, որ միջնորդը պետք է, արտադրողն ինքը չի կարող տանել, բայց խոսքը միջնորդների քանակի մասին է: Հոկտեմբերին կազմակերպված այցը միտված էր նաև նրան, որ կրճատվի միջնորդների քանակը: Բայց որ ավելի կարևոր է` ծանոթացնենք մեր արտադրություններին: 


ՌԴ-ում շատերը չեն էլ պատկերացնում, թե մենք ինչ բարձր մակարդակի արտադրություններ ունենք: Դեպքեր են եղել, երբ դրսի մարդկանց հետ մտել եմ մեր որևէ արտադրություն ,և նրանք զարմացել են, որ Հայաստանում նման բարձր մակարդակի, եվրոպական ստանդարտի արտադրություն կա: Մենք պետք է հնարավորինս շատ դա ցույց տանք: Շատ մեծ դեր կկատարի, եթե մենք կարողանանք միջոցներ հայթայթել, և մեր երկրի արտադրանքը ռուսական ԶՏՄ-ներով ինչ-որ կերպ ներկայացնել: Ես ցուցակն ուղարկել եմ Հայաստան, թե իրենց տեղեկատվամիջոցներում որ ժամին գնային ինչ հատվածներ են գործում: Գովազդն այսօր շատ կարևոր է: Ճիշտ է` մեր ապրանքը ծանոթ է, ընդունվում է, բայց «Կոկա-կոլան» էլ աշխարհի ամենաճանաչված բրենդներից է, բայց նրանք ամեն րոպե գովազդներով ուղղակի խեղդում են սպառողին` «կրկին փորձել»: 


- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում օրենսդրական, ենթաօրենսդրական, որոշումային, վարչարարական ի՞նչ խնդիրներ կան, և ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները: 


- Ունենք ԵԱՏՄ պայմանագիր, որտեղ մանրամասն գրված է, և ամենակարևորը` ԵԱՏՄ-ն հիմնվում է չորս սյուների` ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շրջանառության վրա: Աշխատուժի վերաբերյալ հարցերը լուծված են: Հիմնական խնդիրն առաջանում է ապրանքի ազատ շրջանառության առումով: 


- Բայց վերջերս հրապարակումներ եղան, որ կառավարական մակարդակով հրամանագիր է ստորագրվել, որ շինարարական մրցույթներում առաջնահերթ պետք է բավարարվեն ռուսական ընկերությունների հայտերը: 


- ԵԱՏՄ պայմանագիրը մաքուր տնտեսական պայմանագիր է: Բայց պետությունը մնում է իր սուվերեն կարգավիճակով, խնդիրներով, և բնական է, որ Ռուսաստանը որոշում է առաջնահերթ բավարարել սեփական քաղաքացիների կարիքները: Դա բնական է, բայց որևէ կերպ չի նշանակում, որ հայ աշխատողը աշխատանքի ընդունվելուն պես արդեն խնդիր չունի ասենք` գրանցման կամ նման այլ հարցերում: Նա ազատ կարող է ապրել ՌԴ-ում և օգտվել բոլոր արտոնություններից` այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ աշխատում է, որքան գործում է իր աշխատանքի պայմանագիրը: Դա լուրջ արտոնություն է` ոչ ԵԱՏՄ քաղաքացիների համեմատ: Ինչ վերաբերում է պետության սուվերեն խնդիրներին, դա իր ներքին խնդիրն է: 


Նույնը վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների դեմ ՌԴ ընդունած հակապատժամիջոցներին, երբ ՌԴ նախագահի հրամանագրով` դրանց տակ ընկած ապրանքը մաքսային ծառայության բացահայտելուց հետո հենց սահմանին ոչնչացվում է: Դա էլ է որոշակի հակասություն` մաքսային պայմանագրի առումով: Եթե Եվրոպայից ապրանք է գալիս և օրինական ճանապարհով մաքսազերծվում է ՀՀ տարածքում, իրավունք չունի արտահանվել ՌԴ, որովհետև դա հակասանկցային ապրանք է: Իհարկե` կան որոշակի հակասություններ, բայց դրանք ժամանակի ընթացքում կլուծվեն: 


Նման հարցեր եղել են. օրինակ` մեր պանիրը ՌԴ արտահանելիս մաքսավորի մոտ կասկած էր առաջացել, մենք ապացուցեցինք, որ դա հայկական է, և ապրանքն արտահանվեց: Մյուս կողմից` մաքսային ծառայությունները չպետք է զբաղվեն մեր ապրանքի ձևակերպմամբ, որովհետև մենք մաքսային սահման չունենք: Բայց քանի որ երրորդ երկրի տարածքով ենք գնում ՌԴ, ուրեմն` ցանկանանք թե ոչ, մաքսային ծառայությունը պետք է հսկի, որ երրորդ երկրում դրա հետ որևէ գործողություն կատարված չլինի: Դրա համար էլ գործում է ոչ թե մաքսային հայտարարագիր, այլ տարանցման հայտարարագիր: 


Խնդիրներ կան խմիչքի արտահանման դեպքում. մեծ քանակով խմիչքի արտահանումը նաև թղթաբանության չափազանց մեծ քանակ է պահանջում, ինչը բավական ծանրաբեռնում է արտադրողին: Այդ հարցերը ներկայացրել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: ԵԱՏՄ-ին անդամակցելիս նման խնդիրներ առաջացել են և կան: Բայց դրական մասն ավելի շատ է: 


Հիմա ապրանքի ԱԱՀ-ն վճարվում է ոչ թե մաքսային, այլ հարկային ծառայությանը: Վերջինս էլ, քանի որ ալկոհոլը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք է, պահանջում է տարբեր փաստաթղթեր, որոնց քանակը չափից ավելի շատ է: Դա հնարավոր է քչացնել, և կարծում եմ` այդպես էլ կարվի: