Նոյեմբեր 12 2016

Իշխանությունը հասարակության մեջ հիմնարար գործընթացների արտահայտությունն է

Իշխանությունը հասարակության մեջ հիմնարար գործընթացների արտահայտությունն է

Փոփոխություններ լինում են երկու գործոնի ազդեցության տակ` կարիքի և կամքի:


Լրագրողների հարցերին պատասխանում է

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ,

«Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության

տնօրեն Մանուկ Հերգնյանը:


- Վերջին ժամանակներս դարձյալ սկսել են խոսել Հայաստանի` Սինգապուր դառնալու մասին: Հայաստանը կարո՞ղ է դառնալ Սինգապուր: Դրա համար ի՞նչ է պետք և որքա՞ն ժամանակ: 


- Դրա համար շատ կարևոր է ուսումնասիրել հաջողակ, արագ զարգացում ապահոված երկրների փորձը: Սինգապուրն այն երկրներից է, որը 30 տարի անընդմեջ տնտեսական բարձր աճ է ապահովել: Մեր պարագայում հարցն այն է, թե մենք կարո՞ղ ենք շատ արագ տնտեսական զարգացում ապահովել: Խոսքը շարունակական նվազագույնը 7-8% տնտեսական աճի մասին է` միջինաժամկետ հատվածում: Հայաստանն ունի դրա հնարավորությունները` կապված նաև այն տեխնոլոգիական արմատական փոփոխությունների հետ, որ տեղի են ունենում համաշխարհային տնտեսության մեջ: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան տնտեսական օրակարգ, որի բազմաթիվ կետեր մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք: 


Սինգապուր դառնալու ճանապարհին առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական աճը խոչընդոտող սահմանափակումները վերացնել, բայց դա կապված է ոչ միայն պետական քաղաքականության, այլև հասարակության բոլոր շերտերի հետ: Սինգապուրի օրինակն այնքանով է հետաքրքիր, որ այնտեղ կար ընդհանուր տեսլական: Կար շատ հզոր առաջնորդություն` վերևից ներքև, բայց դա առաջնորդության միակ տեսակը չէ: Կան շատ ավելի բաշխված առաջնորդությունների մոդելներ, մասնավորապես` Իսրայելի օրինակը, երբ ավելի ժողովրդավարական գործընթացների միջոցով է արագընթաց տնտեսական զարգացումը տեղի ունենում: Հայաստանը, ուսումնասիրելով հաջող տնտեսությունների փորձը, պետք է գտնի իր մոդելը: Այդ ճանապարհին որևէ մեկին պատճենահանելու խնդիր չկա: 


- Տնտեսական 7-8% աճը ապահովելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:


- Տնտեսական նման աճ ապահովելու համար կարևոր է հատկապես հստակեցնել տնտեսական աճի առանցքային սահմանափակումները, որոնք, մեր գնահատմամբ, 4-ն են. առաջինը ոչ հավասար կամ անկատար մրցակցային միջավայրն է, երկրորդը` նոր բիզնես հնարավորությունների բացահայտման պակասը, երրորդը` մարդկային կապիտալի անբավարար որակը, և չորրորդը` միաչափ կամ ոչ դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգը: Այս կետերի լուծման առումով որոշ խնդիրներ ավելի կարճաժամկետ են, որոշները` շատ ավելի երկարաժամկետ: Մասնավորապես` կրթության խնդիրը շատ ավելի երկարաժամկետ է: Բայց գործարարությանը հավասար հնարավորությունների ազդակներ տալը շատ կարճ խնդիր է: 


- Դուք բազմիցս նշել եք, որ տնտեսական հիմնարար աճի համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Դրանք վերևի՞ց ներքև պետք է լինեն, թե հակառակը: Մասնավորապես` վարչապետի փոփոխությունը որքանո՞վ կարող է նպաստել այդ աճին, եթե քաղաքական նույն կոնյունկտուրան է, և ընտրությունների արդյունքում տեղի չի ունենում իշխանափոխություն ու դրանից բխող տնտեսական գործընթացներ: Դրա մինիտարբերակի ականատեսը եղանք ՏԻՄ վերջին ընտրություններում: 


- Դրամավարկային քաղաքականությունը կամ զուտ վարկային ռեսուրսների հասանելիության բարելավումը բավարար չէ տնտեսական աճի կամ զարգացման համար: Դա պետք է ուղղորդվի մրցունակության միջավայրի բարեփոխումներով, որը ենթադրում է ավելի հիմնարար բարեփոխումներ, մասնավորապես` մարդկային կապիտալի զարգացում, նորարարության խթանում: Նորարարության գործոնը ավելի մեծ կշիռ ունի երրորդ փուլում գտնվող երկրների համար: Բայց այսօր, քանի որ տեխնոլոգիական հեղափոխությունը փոխում է արդյունաբերության տրամաբանությունը, նորարարությունը, բիզնեսի կատարելագործվածությունը կրիտիկական են դառնում նաև առաջին և երկրորդ փուլերում գտնվող երկրների և դրանցում գործող ընկերությունների համար: Խոսքը ոչ միայն ֆիսկալ քաղաքականության, դրամավարկային քաղաքականության փոփոխման, այլև բուն մրցունակության հիմնարար դերի աճի, արտադրողականության, մարդկային կապիտալի, նոր տեխնոլոգիաների ներդրման մասին է: 


Ընդհանրապես` փոփոխություններ լինում են երկու գործոնի ազդեցության տակ` կարիքի և կամքի: Հարցն այն է, թե փոփոխության կարիքը որքանով է սուր Հայաստանում: Ըստ իս` շատ սուր է: Որքանով է կամքը առկա. խոսքը հասարակության բոլոր շերտերի մասին է և ոչ միայն իշխանության: Որովհետև իշխանությունը արտահայտությունն է բոլոր այն հիմնարար գործընթացների, որոնք տեղի են ունենում հասարակության մեջ: Այսպես ասած` երկրորդ ֆունկցիայից է կախված լինելու, թե արդյոք այդ տրանսֆորմացիան մեզանում տեղի կունենա:

 

- Շատ է խոսվում արդյունաբերական չորրորդ հեղափոխության մասին: Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան: 


- Տեխնոլոգիական հեղափոխության հիմնական առանձնահատկությունը, ի տարբերություն նախորդ երեքի, այն է, որ այստեղ գործող հիմնական շաժիչ ուժը ոչ թե մեկ տեխնոլոգիա է, այլ մոտ 7-8 հեղափոխական տեխնոլոգիաների համադրում: Դրանք ենթադրում են որոշակի ունակությունների առկայություն, որպեսզի պատրաստ լինենք դրանք կիրառել Հայաստանում: Մեզանում հիմա մի քանի ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Մասնավորապես` թափ է առնում տեխնոլոգիական ձեռներեցությունը, որը հիմնված է հենց այդ հեղափոխական տեխնոլոգիաների օգտագործման վրա: Որքանով կկարողանանք այդ ձեռներեցական շարժմանը մեծ էներգիա հաղորդել, այնքանով հնարավորություն կունենանք այդ տրասնֆորմացիան օգտագործել: 


- Այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած` մեզանում ներդրումները բացասական միտում ունեն: Փողը Հայաստանից ավելի շատ դուրս է գնում, քան գալիս է: Այդ մասով կա՞ն առաջարկներ, ծրագրեր: Ի վերջո` տնտեսության շարժիչ ուժը ներդրումներն են: 


- Ներդրումների առումով կա կարևոր երկու խնդիր. ինչ հնարավորություններ է առաջարկում երկիրը դրա համար և ինչպիսի ազդակներ է տալիս: Առաջին, ԵԱՏՄ-ի, ռուսական շուկայի իրավիճակի հետ կապված և Իրանի շուրջ ընթացող գործընթացներով պայմանավորված` Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում, այդ թվում և ներդրողների համար են հետաքրքիր տարածքներ բացվում: Ընդ որում` տարբեր ոլորտներում` էներգետիկայից մինչև բարձր տեխնոլոգիաներ: Կարծում եմ` այդ առումով Հայաստանն ունի առաջարկելու բավական հետաքրքիր բաներ: Պարզապես դա ճիշտ ձևակերպելու և մատուցելու խնդիր կա: Բայց երկրորդ գործոնը շատ ավելի բարդ ու կարևոր է. դա այն վստահության մթնոլորտն է, որը պետք է հաղորդվի օտարերկրյա ներդրողներին` ի համեմատ մրցակից երկրների: 


- Ձեր խոսքից կարելի՞ է հետևություն անել, որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, բարձրացրել է իր տնտեսական մրցունակությունը: Եվ կխնդրեմ զուգահեռներ անցկացնել եվրասիական ուղին ընտրած Հայաստանի ու եվրոպականն ընտրած Վրաստանի տնտեսությունների միջև: 


- Ես չասացի, թե ԵԱՏՄ-ին անդամակցությամբ բարձրացել է մեր մրցունակությունը: Ես ընդամենն ասացի` դա հնարավորություն է, որ Հայաստանը կարող է օգտագործել: Վրաստանը զարգացման այլ մոդել է որդեգրել և ապահովում է դինամիկ զարգացում: Մրցունակության ցուցիչով մեզանից բավական առաջ է: Միաժամանակ` դեռևս էականորեն չի տարբերվում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով: Դարձյալ մեզանից առաջ են, բայց ոչ շատ: 


- Իսկ Ձեր գնահատմամբ` Վրաստանում ձևավորված այդ դինամիկան արագընթաց զարգացման նախադրյալներ ստեղծու՞մ է:


- Ըստ եղած ցուցանիշների և այն բանի, ինչին ականատես ենք վերջին մի քանի տարում, այո՛: 


- Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք` 2011-12թթ. որոշվեցին տնտեսության ռազմավարական առանցքային ճյուղերը, թվով 11-12, և «Ի-Վի Քոնսալթինգը» մշակեց այդ ճյուղերի ռազմավարությունները: Հիմա նոր իրավիճակ է: Նոր վարչապետ, նոր թիմ, խաղի նոր կանոններ, նոր քաղաքականություն: Ձեր ղեկավարած ընկերության մշակված ռազմավարությունը կյանքի կոչվե՞լ է, և ներկա իրավիճակում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը, Ձեր գնահատմամբ, շա՞տ է փոխվելու, ունե՞ք նոր ռազմավարության տեսլականներ, մշակելու՞ եք նոր ռազմավարություն:


- Ռազմավարությունն անցել է կյանքի բարդ ցիկլ: Սկզբից շատ իներցիոն, այսինքն` դժվար կյանք մտավ, հետո աստիճանաբար սկսեց մտնել տնտեսական կյանքի քաղաքականության տրամաբանության մեջ, հետո տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, բայց քանի որ տնտեսական քաղաքականությունն իներցիոն է, ինքն իր կյանքով շարունակվում էր և ինչ-որ իմաստով` նաև աքսելերացվում: Ավելի ուշ, պայմանավորված նախորդ կառավարության քիչ հետաքրքրվածությամբ, դուրս մնաց: Այստեղ պետք է հաշվի առնել տնտեսական քաղաքականության և իրագործման միջև եղած ժամանակային լագերն ու իներցիաները: 


- Ստացվում է` Ձեր մշակած տնտեսական քաղաքականությունը վերջնականապես կյանքի չկոչվեց, կիսատ մնաց: 


- Կարելի է նաև այդպես ասել: Կյանքի կոչվեց մասնակիորեն: Ինչ-որ ոլորտներում արձանագրվեցին շատ հետաքրքիր արդյունքներ, մասնավորապես` դեղագործության ոլորտում: Որոշ ոլորտներում էլ արդյունավետությունը շատ ցածր էր: Բայց ստեղծվեցին բիզնեսին աջակցման նոր գործիքներ, որոնք հիմա էլ առկա են ու աշխատում են, որոնք սկզբից Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցով էին տրամադրվում, հիմա` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով: Բայց այն ամբողջական գործընթացը, որը ենթադրում էր հանրային և մասնավոր հատվածների անընդհատ երկխոսություն, կտրվեց: 


Արդյո՞ք նոր կառավարությունը կցանկանա այդ երկխոսության տրամաբանությամբ տանել իր քաղաքականությունը. սրանից է կախված լինելու` իմաստ կա նույն տրամաբանության մեջ անել այդ ռազմավարությունը, թե ոչ: Երկրորդ, կարծում եմ` նաև բավական լրջորեն է փոխվել ողջ աշխարհում և պետք է վերանայված նոր արդյունաբերական քաղաքականություն մշակել: Մասնավորապես` կախված նաև տեխնոլոգիական զարգացման հետ: Եթե կառավարության կողմից լինի նման հետաքրքրություն, կմտածենք: