Նոյեմբեր 26 2016

Համատարած գյուղհաշվառման տվյալները ոլորտի զարգացման բանալին են

Համատարած գյուղհաշվառման տվյալները ոլորտի զարգացման բանալին են

Բոլոր երկրներում հաշվառումը ցույց է տվել շատ ավելի ցածր արդյունքներ, քան ավանդաբար հրապարակվել է մինչև «համատարած հաշվառման դարաշրջանը»:


2014թ. հոկտեմբերին Հայաստանն առաջին անգամ անցկացրեց

գյուղատնտեսական համատարած հաշվառում, որի վերջնական

տվյալների հրապարակումը նախատեսված է 2016թ. դեկտեմբերին:

Այս առիթով Armef News-ի թղթակիցը հանդիպել է

ԱՄՆ գյուղդեպարտամենտի` Ազգային գյուղատնտեսական

վիճակագրության ծառայության (USDA NASS) ավագ փորձագետ և

Հայաստանում Գյուղատնտեսական համատարած հաշվառման

նախագծի ղեկավար Մայքլ Սթայների հետ:


- Ո՞րն է գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը: Ինչու՞ է այն իրականացվում, մանավանդ որ` գյուղատնտեսական տվյալների հավաքում պարբերաբար կատարվում է: 


- Գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) հիմնական նպատակը գյուղատնտեսության վերաբերյալ համապարփակ տեղեկատվությանը տիրապետելն է և բոլոր շահակիցներին տրամադրելը: Ընդ որում` համատարած հաշվառում ասելով, մենք նկատի ունենք ստացված արդյունքների տարածումը սպառողների շրջանում` ոչ միայն ազգային մակարդակով, այլև մարզային ու համայնքային: 


- Այդ դեպքում ո՞րն է անձամբ Ձեր նպատակն ու ներդրումը այս գործում: Գյուղատնտեսությանը վերաբերող տվյալները, ինչպես նախկինում, վերջին 25 տարիներին ևս հրապարակվում են, և սկզբունքորեն` դրանից շատ բան չի էլ փոխվում: 


- Որևէ երկրում, տնտեսության որևէ ոլորտում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ, պարբերաբար, համատարած հաշվառում կամ այսպես կոչված` տվյալների գույքագրում իրականացնել, միաժամանակ անցկացնել միջանկյալ ընթացիկ հետազոտություններ՝ ընթացիկ հարցեր լուծելու համար: 


Միավորված ազգերի կազմակերպությունը երկրներին առաջարկում է առնվազն 10 տարի պարբերականությամբ անցկացնել ԳՀՀ: ԱՄՆ-ում նման հաշվառում իրականացնում են 5 տարին մեկ անգամ: ՌԴ-ն իր առաջին ԳՀՀ-ն իրականացրել է 2006թ., իսկ երկրորդը` այս տարվա հուլիսի 1-ից օգոստոսի 15-ը: Նույնը` Վրաստանի պարագայում. նրանք առաջին ԳՀՀ-ն իրականացրել են 2004-ին, երկրորդը` 2014-ին: 


Հաշվառման կարևորությունը կասկածի առարկա լինել չի կարող: Գյուղատնտեսական տեղեկատվության տարածումը կարևոր է բոլոր երկրների համար բոլոր ժամանակներում: Այդ պատճառով էլ ԱՄՆ կառավարությունը իր միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով որոշեց օգնել Հայաստանին (2 մլն դոլլար, 2014-17թթ.- Armef News), որ այս երկիրը նույնպես իրականացնի գյուղատնտեսական համատարած հաշվառում, որ առաջին անգամ է: ԱՄՆ գյուղդեպարտամենտը ինձ նշանակել է հայաստանյան նախագծի ղեկավար: Այս ընթացքում ես տարբեր նպատակներով բազմիցս եղել եմ Հայաստանում մեկ նպատակով՝ օգնել նախահաշվառման, բուն հաշվառման և հետհաշվառման աշխատանքներում: Երբեմն ինձ հետ Հայաստան եմ բերում նաև այլ մասնագետներ, որոնց օժանդակությունը անհրաժեշտ է եղել աշխատանքների տվյալ փուլն առաջ տանելու համար: 


- Նշեցիք, որ ՌԴ-ում և Վրաստանում արդեն համատարած 2 հաշվառում իրականացվել է: Հետաքրքիր է` այդ երկրներում ընթացիկ և համատարած հաշվառումների տվյալների տարբերությունները, շեղումները մե՞ծ են եղել: 


- Այո, շատ մեծ են եղել: Նախկին Խորհրդային Միության ու Արևելյան Եվրոպայի երկրներից ոչ մեկը նախկինում ԳՀՀ չէր իրականացրել: Սկսած 1990-ականների սկզբից` արևելաեվրոպական բազմաթիվ երկրներ սկսեցին անցկացնել համատարած հաշվառում: 2000-ականների կեսերից նախկին խորհրդային երկրները սկսեցին համատարած հաշվառման գործընթաց: Ոչ միայն ՌԴ-ն ու Վրաստանը, այլև նախկին խորհրդային և արևելաեվրոպական մնացած բոլոր երկրները հսկայական տարբերություններ ի հայտ բերեցին նախկին ավանդական հաշվառումների և ԳՀՀ տվյալների միջև: Հիմնական գյուղմթերքի գծով որոշ տվյալներ 30-40% շեղումներ ունեցան: Ընդ որում այդ տարբերությունները նույնը չեն բոլոր ապրանքների համար, բայց ընդհանուր առմամբ` ԳՀՀ-ն ցույց է տվել շատ ավելի ցածր արդյունքներ, քան ավանդաբար հրապարակվել է մինչև «համատարած հաշվառման դարաշրջանը»: 


- Կոնկրետ ի՞նչ եք սովորեցնում մեզ: 


- Ես սովորեցրել եմ մեթոդաբանություն, թե ինչպես պետք է անցկացնել գյուղատնտեսական համատարած հաշվառումը: Ընդ որում` ՄԱԿ-ն ունի հատուկ ուղեցույց, թե ինչպես անցկացնել ԳՀՀ, որի վրա հիմնվում ենք նաև մենք: ՄԱԿ-ի ուղեցույցներին լավագույնս ծանոթ եմ, որովհետև որպես միջազգային փորձագետ` մասնակցել եմ այդ ուղեցույցների մշակմանը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) տարբեր երկրների միջազգային փորձագետների առաջարկների հիման վրա է մշակել այդ ուղեցույցները բոլոր երկրների համար: 


- Դուք այդ ուղեցույցներով նախկին ԱՊՀ կամ Արևելյան Եվրոպայի երկրներում նույն օգնությու՞նն եք ցուցաբերել, նույն խորհրդատվությու՞նը: 


- Վերջին 30 տարիներին ես ԳՀՀ գծով աշխատել եմ ողջ աշխարհում. այդ թվում` ՌԴ-ում, Վրաստանում, Մոլդովայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չինաստանում, Բրազիլիայում, ՀԱՀ-ում և մի քանի տասնյակ այլ երկրներում: Իմ հիմնական առաքելությունն այն է, որ այդ երկրների համատարած հաշվառման պատասխանատուներին օգնեմ կազմել սեփական մեթոդաբանությունը, որը կհամապատասխանի տվյալ երկրի պայմաններին: Դարձյալ, մեծապես հիմնվելով FAO-ի ուղեցույցների վրա, պարզապես շեշտադրում ենք այն դրույթները, որոնք ավելի են համապատասխանում տվյալ երկրի պայմաններին: Բնականաբար` ԱՄՆ-ում և Հայաստանում համատարած հաշվառում իրականացնելիս չենք կարող նույն մոտեցումներով առաջնորդվել: 


- 70 տարի Հայաստանը եղել է ԽՍՀՄ կազմում, և օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով, ցավոք, սերտել է կեղծելու, ստելու և բազմաթիվ այլ բացասական «հնարներ», ինչպես նախկին խորհրդային բոլոր հանրապետությունները: Եթե զուգահեռներ անցկացնենք` ինչ ընդհանրություններ կնշեք և ինչ տարբերություններ: Մյուս կողմից` նշում եք, որ Հայաստանում և ԱՄՆ-ում նույն մոտեցումներով չենք կարող հաշվառում իրականացնել: Դրան հատկապես ո՞ր գործոններն են խանգարում: 


- Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և այստեղի տարբերություններին, ԱՄՆ-ում մենք հարցաթերթիկները փոստով ուղարկում ենք ֆերմերներին և գիտենք, թե ում ենք ուղարկում: Այնտեղ ֆերմեր լինելը բիզնես է: Բոլոր ֆերմերները հայտնի են, ու մենք նրանց ճանաչելով ենք հարցաթերթիկներն ուղարկում: Գիտենք՝ ում ենք ուղարկում: Լրացված հարցաթերթերը նրանք մեզ վերադարձնում են կա՛մ էլեկտրոնային, կա՛մ սովորական փոստով: 


Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ գյուղացիական տնտեսությունները փոքր են ու հայտնի չեն: Բացի այդ, այստեղի համար հարցերը փոստով ուղարկելը պրակտիկ չէ: ԱՄՆ-ում այդ ամենը սովորական է, և որևէ կասկած չի հարուցում: Այստեղ դժվար թե նման գործելակերպը լավ ընդունվի կամ ընդհանրապես ընդունվի: 


- Ֆերմերները շահագրգռություն ունե՞ն կեղծ տվյալներ ներկայացնել, իրականը թաքցնել: Կա՞ ինչ-որ գործոն, ինչից ելնելով` նրանք կգերադասեն ճիշտ չներկայացնել թվերը: 


- Ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում չկա երկիր, որտեղ ֆերմերների որոշ մասը չձգտի ոչ ճիշտ տվյալներ ներկայացնել: Չկա այդպիսի երկիր, որտեղ ֆերմերների որոշ մասը հակված չլինի դրան: Դրա դեմ կարելի է պայքարել միայն ստուգման միջոցով: Ընդ որում` այդպես է թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Հայաստանում: Համատարած հաշվառման ժամանակ էլ նախ ամեն կերպ աշխատում ենք մարդկանց հասկացնել` ինչի համար են այդ տվյալները, մանավանդ որ` Հայաստանում առաջին անգամ է: Պետք է բացատրել, որ մեզ չեն հետաքրքրում իրենց անձնական տվյալները, պարզապես դրանց միջոցով է միայն հնարավոր ստանալ երկրի գյուղատնտեսության ընդհանուր պատկերը. ահա թե ինչն է հետաքրքրում մեզ: 


Այդ իսկ նկատառումով, մասնավորապես Հայաստանում, իրականացվում է տվյալների հետհաշվային գնահատում և ստուգում՝ օգտագործելով համապատասխան ընտրանքային մեթոդը: Այս բոլոր մեխանիզմները միտված են հնարավորինս օբյեկտիվ տվյալների ստացմանը: Այն ձևով, ինչպես մենք հիմա անցկացնում ենք բազմաթիվ երկրներում համատարած հաշվառում, այդ թվում և Հայաստանում, այսինքն՝ դեմ առ դեմ հարցազրույցները, ԱՄՆ-ում անցկացվում էր շուրջ 50 տարի առաջ: Հիմա արդեն համացանցի դար է. և մարդիկ սովորել են, գիտեն դրա նպատակը, հանգիստ են և տրամադրված են պատասխանելու հարցերին: Հիմա մենք այնպիսի մեթոդաբանություն ենք մշակել, որ հատկապես առաջին անգամ համատարած հաշվառում իրականացնելիս հաշվարարները տուն առ տուն մտնեն և մարդկանց դեմ առ դեմ բացատրեն, թե ինչի համար է դա արվում, ու փորձեն հնարավորինս ճշգրիտ տվյալներ ստանալ: 


Հայասանում կար նաև հստակեցման հարց. որո՞նք են համարվում ֆերմերային տնտեսություններ` գյուղապրանք արտադրողնե՞րը (անկախ չափից, թեկուզև սեփական սպառման համար), թե ինչպես ԱՄՆ-ում է՝ տնտեսությունը դրա համար պետք է որոշակի չափային սահմանների համապատասխանի: 


- Կա՞ն թեկուզև մոտավոր տվյալներ, թե ԱՄՆ-ում ստել ցանկացողները քանի տոկոս են կազմում, Եվրոպայում և ԱՊՀ երկրներում` քանի: Ի վերջո` դա բերում է տվյալների հավաստիության շեղման: Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ պատկեր կլինի Հայաստանում: 


- Կոնկրետ թվեր ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է Հայաստանին, դեռևս շուտ է այդ մասին խոսել, քանի դեռ արդյունքները չեն հրապարակվել: Ընդհանրապես` վիճակագրության մեջ միշտ էլ որոշակի տոկոսի շեղումներ լինելու են: Մարդը կարող է ոչ ճիշտ թիվ հայտնել և՛ միտումնավոր, և՛ պատահաբար: Երկրորդ խումբ սխալները գալիս են հաշվարարներից, զուտ տեխնիկական պատճառներով: Կարող են սխալներ լինել տվյալների մշակման փուլում: Ուստի` նման կարգի սխալներից խուսափելու համար կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում: Վերջնանպատակն այն է, որ հնարավորինս ճշգրիտ տվյալներ ունենանք և հրամցնենք սպառողին: 


- Լենին անունով հայտնի «պապիկը» ասում էր, որ կադրերն են որոշում ամեն ինչ: Հայաստանյան թիմը, որի հետ Դուք աշխատել եք, որքանո՞վ էր պրոֆեսիոնալ:


- Իրենք ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլև նվիրյալներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընդհանրապես առաջին անգամ էր իրականացվում գյուղատնտեսական համատարած հաշվառում, իրենք չգիտեին մեթոդաբանությունն ու ընթացակարգերը: Տվյալներ հավաքելը, մշակելը, վերլուծելը իրենց մասնագիտական աշխատանքն էր, բայց ԳՀՀ ընդգրկումն անհամեմատելի էր մինչև այդ նրանց արած աշխատանքի հետ: Օրինակ` իրենք միշտ ունեցել են գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր քանակը, բայց հիմա ունենալու են նաև՝ ըստ տարբեր պարամետրերի, տարբեր նշանակության: 


Որպեսզի պարզ լինի տվյալների ամբողջ ծավալի մեծությունն ու բարդությունը, նշեմ, որ 20 էջանոց հարցաթերթը լրացրել է ավելի քան 400 հազար մարդ: Նման ընդգրկում երբևէ չի եղել: Հայերի նվիրվածությունը մեծ տպավորություն է թողել, հատկապես՝ հաշվի առնելով նրանց ստացած ցածր աշխատավարձը: Առնվազն 50 երկրում աշխատել եմ վիճակագիրների հետ: Հայերը մեծ նվիրվածությամբ են անում իրենց գործը: 


- Ձեր գնահատմամբ` որքանո՞վ են արժանահավատ առաջիկայում հրապարակվելիք տվյալները: Եվ որքանո՞վ դրանք կազդեն հետագայում ընթացիկ վիճակագրության վրա՝ արժանահավատության տեսանկյունից: 


- Հայաստանում անցկացված` գյուղատնտեսական համատարած առաջին հաշվառումից հետո սպասվում են բավականաչափ արժանահավատ տվյալներ: Պետք է նկատի ունենալ, որ որևէ երկրում, այդ թվում` ԱՄՆ-ում, ընդհանրապես վիճակագրության մեջ 100 տոկոսանոց արդյունք ակնկալել չի կարելի: Բայց Հայաստանի ԳՀՀ տվյալները շատ ավելի վստահելի են, արժանահավատ ու ճշգրիտ, քան ձեր երկիրը երբևէ ունեցել է գյուղատնտեսական վիճակագրության մեջ: Գյուղատնտեսության վերաբերյալ սպասենք ամենաճշգրիտ ու համընդգրկուն տվյալների: Ճշգրիտ տվյալները նպաստելու են դրանց հիման վրա հետագայում գյուղատնտեսական ընդհանուր վիճակագրության արժանահավատության բարձրացմանը: Գյուղատնտեսության ոլորտը այս տվյալներն օգտագործելու է որպես հենանիշ: Դարձյալ կարող եմ հավաստիացնել, որ ԳՀՀ տվյալները հնարավոր սպառողները կարող են համոզված լինել, որ դրանք ամենաարժանահավատն են: 

- Նշեցիք, որ մյուս երկրներում, որպես համատարած հաշվառման արդյունք, ընթացիկ հաշվառումների ներկայացրած տվյալները նվազել են: Ըստ Ձեզ` Հայաստանի պարագայում այդ տվյալները կնվազե՞ն, թե կավելանան: 


- Հավատացած եմ, որ լինելու են էական տարբերություններ: Կոնկրետ տոկոս ասել չեմ կարող: Մինչև հիմա նախկին խորհրդային և Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներն այս միջոցառումից հետո արձանագրել են էական տարբերություններ` ընթացիկ գյուղվիճակագրական տվյալների և համատարած հաշվառման միջև: Ընդհանրապես` գյուղատնտեսության վերաբերյալ տեղեկատվության տարածումը, տվյալների հրապարակումը շատ մեծ իրադարձություն է երկրի կյանքում: Ճշգրիտ տյալները ավելի ճիշտ եզրակացությունների, դրանց վրա հիմնվելով` ավելի ճիշտ քաղաքականություն կառուցելու հնարավորություն են ստեղծում: 


Գյուղատնտեսությունը Հայաստանում առաջնային ճյուղերից է, հետևաբար` խիստ կարևորվում է գյուղատնտեսական տվյալներին վերաբերող տեղեկատվության տարածումը: Այդ տվյալների օգտատերերը շատ են՝ ՀՀ կառավարությունը, Գյուղնախարարությունը, բազմաթիվ այլ խմբեր, այդ թվում` գիտության ու կրթության ոլորտից, ԳՀՀ տվյալների կարիքն ունեն վերլուծությունների, մոդելավորումների, հետազոտությունների, ներդրումների համար: 


Գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալները Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու բանալին են: Դրա համար է, որ Հայաստանում ԳՀՀ հարցաթերթը բաղկացած էր 20 էջից. համեմատության համար նշեմ, որ Վրաստանի երկրորդ հաշվառման հարցաթերթը ընդամենը 4 էջանոց էր: Հայերը շատ համապարփակ ուսումնասիրություն են կատարել, և տվյալներն էլ շատ արժեքավոր են, դրա համար էլ գործընթացն այդքան երկարեց: Այս աշխատանքի իրականացման համար մարդիկ մեծ ջանքեր են գործադրել և պետք է հպարտ լինեն արդյունքներով: