Նոյեմբեր 11 2016

ԵԱՏՄ էներգետիկ միասնական շուկային ՀՀ ինտեգրման հեռանկարը

ԵԱՏՄ էներգետիկ միասնական շուկային ՀՀ ինտեգրման հեռանկարը

Հայաստան-Վրաստան էլեկտրագծի կառուցմամբ կապահովվի ԵԱՏՄ երկրների էներգահամակարգերի հետ ՀՀ կապը, նաև տարանցման հնարավորությունը:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ,

էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար

Ադամկուլ Ժունուսովը պատասխանել է «ՌուսԱրմԻնֆոյի» հարցերին:


- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ինտեգրման մակարդակը ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայում: Զարգացման օբյեկտիվ ի՞նչ հնարավորություններ կան:


- Ներկայում եվրասիական տարածքում բացակայում է էներգետիկ միասնական շուկան, իրականացվում է էներգետիկ պաշարների ընդհանուր շուկայի փուլային ձևավորումը` գոյություն ունեցող հայեցակարգերի, ծրագրերի ու միջազգային համաձայնագերի հիման վրա: 2015թ. մայիսի 8-ին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը, իսկ 2016թ. մայիսի 31-ից` ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի և նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը: Դա Հայաստանին, նաև անդամ մյուս պետություններին մրցունակ դաշտ ապահովելու հնարավորություն կընձեռի, ինչը կնպաստի էներգապաշարների գների կայունացմանն ու ազգային տնտեսությունները հուսալի էներգամատակարարմամբ ապահովելուն: Էներգապաշարների ընդհանուր շուկաների գործարկման պայմաններում Հայաստանի ընկերությունները ԵԱՏՄ մյուս երկրների պես կստանան տնտեսական բիզնեսի վարման հավասար հնարավորություններ: 


- Հայաստանն արտադրում է ավելի շատ էներգիա, քան անհրաժեշտ է ներքին շուկայի համար: Բացի այդ, իրատեսական է արդեն արտադրվող ծավալի ավելացման հնարավորությունը: Հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ հետ առևտրային հարաբերություններում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դիտարկու՞մ է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացումը հարևան Իրան` այդ երկրի հետ համագործակցության խորացման շրջանակներում:


- ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման արդունքներից մեկը, մեր կարծիքով, կլինի ԵԱՏՄ սահմաններից դուրս էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի ավելացումը: Սակայն այդ ներուժը սահմանափակված է էլեկտրահաղորդակցման գծերի միջպետական թողունակության պատճառով:


Իրավիճակը բարդանում է նաև Հայաստանի էներգահամակարգի և ԵԱՏՄ այլ երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրական կապի բացակայության պատճառով: Սակայն Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ կապահովվի նման կապը, ինչը Հայաստանի էլեկտրաէներգետիկ ընկերություններին ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի լիարժեք անդամ դառնալու և ինտեգրման հնարավորությունների իրականացման լավ առիթ կընձեռի, այդ թվում` էլեկտրաէներգիայի տարանցման և արտահանման ոլորտում: