Սեպտեմբեր 01 2016

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՇԱՐԺՎԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՇԱՐԺՎԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ



Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:


Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում:


Մենք հետևողականորեն կատարելագործում ենք մեր կրթության համակարգը: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլև այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը:


Մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով:


Դատելով միջազգային մրցույթներում մեր դպրոցականների արդյունքներից՝ մեր դպրոցի ցուցանիշները վատ չեն: Մեր դպրոցը մրցունակ է, բայց չպետք է բավարարվել եղածով, ուստի՝ անհրաժեշտ է տարեցտարի բարձրացնել մեր պահանջների նշաձողը: Հակառակ դեպքում մենք շատ ետ կմնանք զարգացող աշխարհից:


Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի: